Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության տարելիցն է
SocietyՀունվարի 12-ին լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեկ տարին: Ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամների` հունվարի 12-ին` ժամը 17:30-ին, Գյումրու Սբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում կկատարվի հոգեհանգստի կարգ ու մոմավառություն, իսկ մինչ այդ հարազատները, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները կայցելեն Ավետիսյանների շիրիմներին:
Թեև դեպքից մեկ տարի անց Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն արդեն դատապարվել է տասը տարվա ազատազրկման ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով նախատեսված «դասալքություն»« «զենքի հափշտակում» և «զենքի ապօրինի կրում» մեղադրանքներով, և արդեն մեկնարկել է Վալերի Պերմյակովի նկատմամբ հայկական կողմի դատավարությունը, սակայն, գյումրեցիների կարծքով, իրականության վրա լույս սփռված չէ: Ավետիսյանների հարազատները եւս չեն հավատում, որ իրականությունը մի օր կպա րզվի: Դժգոհություն կա նաև հայկական կողմի դատավարությունը ռուսական ռազմաբազայի տարածքում անցկացնելու վերաբերյալ:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Դատական նիստը տեղի կունենա հունվարի 18-ին. գործով դատական առաջին նիստը 2015 թվականի դեկտեմբերի 18-ին հետաձգվեց հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանի միջնորդության հիման վրա:
Արմենուհի Մխոյան