Խոզի գրիպի և դրա հետևանքների դեմ պայքարը՝ ճաշից հետո մանանեխ
SocietyԵթե 1 միլիարդ 3 հարյուր հազար բնակչություն ունեցող Չինաստանի առողջապահության ողջ համակարգը ոտքի էր կանգնել իր երկրում մոլեգնած H1N1 վիրուսի A ենթատեսակի դեմ պայքարելու համար, որը երկրի 2010թ. առողջապահության նախարարության տվյալների համաձայն 18 մարդու մահվան պատճառ դարձավ, ապա մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար մի քանի օրվա ընթացքում արդեն 6 մարդու կյանք խլած խոզի գրիպը պետք է, որ բավական սթրեսային վիճակի պատճառ դառնար մեր երկրի առողջապահական մարմինների համար:
Չնայած այդ ամենին, մեր մասնագետները անվրդով դեմքով չեն վարանում հայտարարել, որ ամեն ինչ կարգին է և անհանգստանալու հարկ չկա՝ ընդամենը պետք է լինել ուշադիր, հետևել հիգիենային և բարձր ջերմության դեպքում դիմել բուժհաստատություններին: Առողջապահության նախարարության մեր մասնագետները, չգիտես ինչու, խուսափում են իրերն իրենց անուններով կոչել և աշխարհում հայտնի խոզագրիպի մասին տեղեկությունները գրիպի այդ տեսակը բնորոշող հապավումներով են ներկայացնում, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ շատերն այդ տառաթվերին ուշադրություն չեն դարձնի ու չեն էլ իմանա, թե ինչից են պրծել, ինչն էլ ավելորդ խուճապ չի առաջացնի մարդկանց մոտ:
Բայց անկեղծ լինելու համար ընդգծենք, որ այս հնարքն այնքան էլ ազնիվ քայլ չէ և գուցե հենց դա է պատճառը, որ հասարակությունը ոչ թե վերապահումով է վերաբերում պաշտոնական կոչվող տեղեկություններին, այլ չի հավատում և սեփական հետաքննությունն է սկսում՝ աշխարհին ավելի քան 5 տարի հետապնդող այդ վիրուսի մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար: Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս աշխարհում հազարավոր կյանքեր խլած գրիպի H1N1 տեսակի A և B ենթատեսակները «խոզի գրիպ» անվանել: Իսկ ԱՀԿ-ի ցուցումներին «անվերապահորեն» հետևող մեր գերատեսչությունն էլ որոշել է հետ չմնալ ժամանակակից աշխարհից և մահաբեր այդ վիրուսը հասարակ մահկանացուներիս համար անհասկանալի, բայց, միևնույն ժամանակ, այսպես ասած ցիվիլ փաթեթավորմամբ ներկայացնել, իսկ մահվան դեպքերն էլ բարդել մահացածների օրգանիզմի հնարավորությունների վրա:
Իսկ բնակչությանն ուղղված Առողջապահության նախարարության մասնագետների հանգստության կոչերն ավելի շատ անհանգստացնում է բնակչությանը, քան զերծ պահում խուճապից, քանի որ տպավորությունն այնպիսին է, որ իրականությունն առանձնապես կապ չունի հասարակությանը տրամադրվող տեղեկության հետ: Այնուամենայնիվ, շեշտենք, որ վերջին օրերին մեր առողջության անվտանգության երաշխավոր պատկան գերատեսչության ղեկավարի հրավիրած բազում խորհրդակցություններն ավելի շատ ճաշից հետո մանանեխ մատուցելու էֆեկտ են առաջացնում, քանի որ իրավիճակին տիրապետելու դեպքում ոչ թե ստիպված կլինեին հետևանքների հետևից վազել, այլ դրանք առաջացնող պատճառները չեզոքացնել:
Արմինե Գրիգորյան