Լեոնարդո դի Կապրիոն համացանցում հիթ դարձած տեսահոլովակի մասին. «Ես ընդամենը նայեցի Լեդի Գագային ու դա սենսացիա՞ դարձավ»
LifestyleԵրեկ համացանցը ցնցեց Լեոնարդո դի Կապրիոյի ու Լեդի Գագայի մասնակցությամբ տեսագրությունը: Ինչպես գիտեք, Բեւերլի Հիլզում տեղի է ունեցել «Ոսկե Գլոբուս 2016» հեղինակավոր կինոմրցանակաբաշխության արարողությունը: Ի թիվս մյուս մրցանակակիրների՝ պարգեւատրվեցին նաեւ Լեոնարդո դի Կապրիոն (որպես լավագույն դրամատիկ դերասան «Փրկվածը» ֆիլմում գլխավոր դերի համար) ու Լեդի Գագան (հաղթել է «մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալի դերի համար):

Երբ երգչուհին բեմ էր բարձրանում իր մրցանակը ստանալու, նա պատահաբար դիպավ Լեոնարդո դի Կապրիոյի արմունկին, իսկ 41-ամյա հոլիվուդյան դերասանը շատ զվարճալի ձեւով արձագանքեց կատարվածին։ Հենց այդ տեսագրությունն էլ դարձել է համացանցի հիթը:

Ավելի ուշ Entertainment Tonight-ի լրագրողները Լեոյին հարցրել են, արդյոք նա տեղյակ է, որ այդ տեսագրությունը ինտերնետային հիթ է դարձել:
«Աստված իմ, դա հիմա հի՞թ է: Ես պարզապես նայեցի Լեդի Գագային, ու դա սենսացիա՞ է դարձել: Ախր այնտեղ ոչ մի բան չի կատարվել: Ինչ հիմարություն է»: