Կինը դրամապանակ է գողացել գեղեցկության սրահից
SocietyԵրևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գեղեցկության սրահում դրամապանակի գողություն կատարած անձի ինքնությունը։
Քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 2015 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 19:20-ի սահմաններում, Երևանի «Փակ շուկայում» գործող գեղեցկության սրահում առերևույթ հանցագործություն կատարած անձը գողացել է իր դրամապանակը՝ պատճառելով զգալի չափի վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են շուկայում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված կնոջ ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեն խնդրում է բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն լուսանկարներում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: