Թուրքը տեսավ, ուրախացավ
AnalysisFacebook սոցիալական ցանցում «քափսլոք լատինատառով» գրվող ու հաճախ կիրառվող «թուրքը նայում, ուրախանում ա» արտահայտությունն էլ ի վերջո կյանքի կոչվեց՝ շնորհիվ Ռուսիո պատրիարք Կիրիլի:
Վերջինս Հայոց ցեղասպանություն չլինելու մասին իր «դարակազմիկ» հայտարարությամբ նոր շունչ հաղորդեց «հայ-ռուսական դարավոր բարեկամությանը», իսկ նրա հետ հարցազրույց վարող, ռուսերեն չիմացող հայ տաքսիստից դեռ մինչև այսօր «աբիժնիկ» մնացած Կիսելյովը, դեմքին խելացի արտահայտություն նկարելով, ունկնդրեց իր զրուցակցի «մտքի գոհարը» և ոչ մի ուղղում չարեց:
Արդյունքում՝ ուրախացավ թուրքը: Խոսքն այս դեպքում կրտսեր թուրքի մասին է՝ ադրբեջանցիների, որոնց ուրախությունն անմիջապես արտահայտվեց իրենց լրատվական կայքերում, մանավանդ տխրահռչակ Haqqin.az-ի արձագանքը չուշացավ: Չնայած ավագ թուրքն էլ պակաս ուրախացած չի լինի, վերջիվերջո, Կիրիլի ասածը բոլոր թուրքերի սրտով էր ու հայերի դեմ օգտագործելու համար՝ շատ հարմար:
Բայց, դե ռուսն էլ գիտի՝ ինչ է անում: Միգուցե պետք էր թուրքին մի քիչ «շոյել», բայց մյուս կողմից՝ թուրքի հետ իր խնդիրները դեռ շարունակվում են ու պետք էլ չի, որ մի քիչ «շոյված» թուրքը իրեն լրիվ «արխային» զգա, և ահա, հետևեց պատրիարքարանի պարզաբանումը Կիրիլի հայտարարության վերաբերյալ, որտեղ ասվում էր, որ Ռուս ուղղափառ եկեղեցին իր դիրքորոշումը հայերի ցեղասպանության վերաբերյալ չի փոխում, իսկ թե ինչու Կիրիլը նման հայտարարություն արեց, այդ մասին ոչ մի խոսք:
Այստեղ էլ 2 մեսիջ եմ տեսնում ռուսների կողմից. մեկը հղած է թուրքերին, մյուսը՝ հայերիս: Թուրքերին հղված մեսիջն այն է, որ եթե պետք լինի, Ռուսաստանը կարող է ստորադասել Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի հետ հարաբերություններից՝ հանուն իր շահի, բայց նույն հաջողությամբ կարող է և հակառակն անել և ընդամենը ժամեր անց հիշել թուրքերի գործած ոճրագործությունների մասին: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը Թուրքիային հասկացրեց, որ ամեն ինչ իր ձեռքում է:
Հայերին ուղղված մեսիջն էլ ասում էր՝ ցեղասպանությունը ճանաչել են, հերիք է, մնացած դեպքերում ինչ կուզեն, կհայտարարեն ու ասածների համար բացատրություն «չկա տալու»:
Ահա այսպիսի բաներ: Անկախ ամեն ինչից, թուրքը հիմա ուրախացած է: Հուսով եմ, որ այդ ուրախությունը երկար չի տևի:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան