Հայաստանում չկա սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված համաճարակ. մասնագետ
SocietyՀայաստանում սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված համաճարակ չկա:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց թերապևտ, թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը: Նրա խոսքով, համաճարակ պետք է հայտարարել այն ժամանակ, երբ տվյալ տարածքի բնակչության 5 տոկոսը վարակված է:
«Եթե Երևանում բնակվում է 1 մլն-ից ավելի մարդ, ապա 5 տոկոսը մոտավոր կազմում է 50 հազար: Քանի որ հինգ տոկոսը վարակված չէ, հետևաբար համաճարակի մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Անդրանիկ Ոսկանյանը: Նա հորդորեց լրատվամիջոցներին ավել շատ խոսել հիվանդության ու դրա կանխարգելման մասին:
Անդրանիկ Ոսկանյանը նշեց, որ շատ հաճախ հասարակությունը շփոթում է հարբուխն ու գրիպը: Գրիպը հիվանդություն է, հարբուխը` ոչ: Գրիպի դեպքում անձն ունենում է բարձր ջերմություն, մարմնի ցավ, որոշ դեպքերում քթի արնահոսություն և այլն: Ըստ մասնագետի, եթե կան նման ախտանշաններ, անհապաղ պետք է դիմել բժշկի, այլ ոչ թե ինքնաբուժությամբ զբաղվել:
«Տարածված սխալներից է անմիջապես հիվանդի ջերմությունն իջեցնելը: Դա բուժում չէ: Ավելին` ջերմությունն իջեցնելը կարող է բժշկի մոտ թյուրիմացություն առաջացնել` մտածելով, որ ջերմություն չունի, ուրեմն թեթև մրսածություն է»,- ասաց Անդրանիկ Ոսկանյանը: Նրա խոսքով, եթե տանը կա հիվանդ, ապա շատ կարևոր է, որ տվյալ անձն առաջինն ինքը դա ընդունի: Այնուհետև կարևոր է գործատուների մոտեցումը: Հիվանդներին ոչ թե առանձին անկյունում պետք է նստացնել, այլ անմիջապես ուղարկել տուն:
«Հիվանդի համար տանը պետք է սահմանվի անկողնային ռեժիմ, անհրաժեշտ է, որ նա շատ հեղուկներ խմի: Ցանկալի է, որ հիվանդն առանձնացվի ընտանիքի մյուս անդամներից: Նրա սենյակը հաճախ օդափոխվի և, ամենակարևորը, հիվանդը պետք է հետևի բժշկի ցուցումներին: Ինքնուրույն դեղամիջոցներ օգատգործելը ճիշտ չէ»,-ասաց Անդրանիկ Ոսկականյանը:
Լրագրողների այն հարցին, թե կան արդյոք ավանդական մեթոդներ, որոնք օգնում են, ինչպես, օրինակ, օղին, մասնագետը նշեց, որ ամենաճիշտը բժիշկների ցուցումն է: