Արձակագիր Լևոն Խեչոյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո անցկացվեց Երեւանում
CultureԿ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում անցկացվեց հոբելյանական երեկո՝ նվիրված արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին:
Երեկոն սկսվեց Լևոն Խեչոյանի կյանքի երեք տարբեր քսանամյակները ներկայացնող գրական-գեղարվեստական կոմպոզիցիայով՝ դերասանների, ասմունքողների և երաժիշտ կատարողների մասնակցությամբ: Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանախումբը ներկայացրեց արձակագրի «Դատախազի թաղումը» և «Կարմիր կոշիկները» պատմվածքների հիման վրա բեմադրված ներկայացումների առաջնախաղերը:
«Փորձել ենք ներկայացնել Լևոն Խեչոյանի արվեստը: Չգիտեմ որքանով է ստացվել, բայց հույս ունեմ, որ ինչ-որ չափով իմ բեմականացումն արժանի է տաղանդավոր արձակագրին: Նա, ըստ իս, ժամանակակից լավագույն գրողներից է»,-ասաց երեկոյի բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Նրա խոսքով, հեշտ չէր Խեչոյանի արձակը դրամատուրգիայի վերածելը, բայց այն շատ հարազատ է իր ռեժիսորական ձեռագրին:
«Ցավոք, ես Լևոն Խեչոյանին ճանաչել եմ մեկ տարի առաջ, նրա հետ երկու անգամ եմ հանդիպել, և այդ հանդիպումների ընթացքում ես հասկացա, որ նա իմ գրողն է»,-ասաց Վահե Շահվերդյանը:
Դերասանուհի Գրետա Մեջլումյանի կարծիքով, Լևոն Խեչոյանը մեր ժամանկների մեծագույն արձակագիրներից մեկն է: Լևոն Խեչոյանի գրելու ոճը շատ ինքնատիպ է, նման չէ ոչ մեկին, զարմանալի ռիթմ կա նրա գործերի մեջ: Ցավոք, նրա անժամանակ մահը հնարավորություն չտվեց արժանին մատուցել կենդանության օրոք»,-ասաց դերասանուհին:
Լևոն Խեչոյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համար ընկեր էր, բարեկամ, մեծ մարդ: «Խեչոյանը շատ ավելին էր, քան մենք պատկերացնում ենք: Նրա լավագույն ստեղծագործություններից է «Սև գիրք ծանր բզեզ»-ը»,-ասաց նախարարը:
Երեկոն ավարտվեց ազատամարտիկ, գրող Լևոն Խեչոյանի արցախյան պատերազմի մասին հուշագրերի ներկայացմամբ: