Շոտլանդիայում մեկնարկում է անկախության հանրաքվեն
International newsՇոտլանդիայում մեկնարկում է Մեծ Բրիտանիայից երկրի այդ տարածաշրջանի անկախության հարցի շուրջ հանրաքվեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել է ռեկորդային 4,3 մլն մարդ՝ 5,3 մլն բնակիչներից: Հարցը, որին պետք է պատասխան տրվի, ձեւակերպված է այսպես. «Շոտլանդիան պետք է արդյոք լինի անկախ երկիր»:
Քվեարկության համար ավելի քան 2,6 հազար տեղամասեր բացվում են տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 10:00-ին): Նախնական տվյալներով՝ քվեարկությանը կմասնակցի հանրաքվեի ցուցակներում ներառվածների գրեթե 80 տոկոսը:
Տեղամասերը կփակվեն տեղական ժամանակով ժամը 22:00-ին, ինչից հետո կսկսվի քվեաթերթիկների հաշվումը:
Շոտլանդացիների կամաարտահայտման վերջնական արդունքները կհայտարարվեն սեպտեմբերի 19-ի առավոտյան:
Հանրաքվեին մասնակցելու կանոնները նախատեսում են, որ քվեարկել կարող են Շոտլանդիայում մշտապես բնակվողները, այդ թվում՝ Անգլիայուն, Հյուսիսային Իռլանդիայում եւ Ուելսում ծնվածները, որոնք հաստատվել են հյուսիսային երկրամասում: Ընդ որում հանրաքվեին մասնակցելու համար նվազագույն տարիքն իջեցվել է երկու տարով՝ 18-ից մինչեւ 16: Կազմակերպիչները նաեւ տեղեկացրել են, որ հանրաքվեին մասնակցելու համար գրանցված շոտլանդացիների գրեթե հինգերորդ մասը կամ շուրջ 790 հազար մարդ որոշել է քվեարկել փոստով:
Բայց առայժմ ոչ ոք հանձ չի առնում ասել, թե հատկապես ինչպես կքվեարկեն շոտլանդացիները: Վերջին հարցումները արձանագրել են Շոտլանդիայի ինչպես անկախության, այնպես էլ դրա հակառակորդների ակնհայտ գերակշռության բացակայությունը:
Միանգամից երեք սոցիոլոգիական հետազոտություններ ցույց են տվել, որ բնակիչների կարծիքները բաժանվել են գրեթե երկու հավասար մասերի:
Սեպտեմբերի 17-ին Ipsos-Mori ընկերության անցկացրած հարցման տվյալները վկայում են, որ միասնական պետության պահպանման օգտին հանդես է գալիս շոտլանդացիների 51 տոկոսը, անկախությունը պաշտպանում է 49 տոկոս: Հարցմանը մասնակցել են 16-ից բարձր տարիքի 1,4 հազար շոտլանդացիներ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: