Հայաստանում նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը
SocietyԱնցած տարվա ընթացքում անչափահասների կողմից կատարվել է հանցագործության 385 դեպք, նախորդ տարվա 389-ի դիմաց: Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
«10-ով նվազել է հանցագործություն կատարած անչափահասների թիվը: Անցած տարի հանցագործություն կատարած անչափահասների թիվը 335 էր, այս տարի՝ 325»,- նշեց Դուրյանը:
Անցած տարի նախորդ տարվա համեմատ նվազել է նաև անչափահասների կողմից ծանր հանցագործությունների թիվը:
«Եթե 2014թ. մենք ունեինք երկու սպանության դեպք, որոնք կատարվել էին անչափահասների կողմից, այս տարի չունենք: Անչափահասների կողմից 2014թ. ունեցել ենք ավազակային հարձակման 4 դեպք, անցած տարի նման դեպքեր չեն գրանցվել: Թմրանյութի օգտագործման դեպքերն անչափահասների կողմից ևս նվազել են: 2014թ. նրանց թիվը 6-ն էր, անցած տարի՝ 4»,-ասաց Դուրյանը:
Անցած տարվա ընթացքում նախորդ տարվա համեմատ անչափահասների կողմից ավտոմեքենա առևանգելու դեպքերն ավելացել են 5-ով: Եթե 2014թ. անչափահասների կողմից արձանագրվել է ավռտոմեքենա առեւանգելու 4 դեպք, ապա 2015թ. արձանագրվել է նման 9 դեպք: