Սերգեյ Խաչատրյանին հայ հանդիսատեսն առանց «բիս»-ի բաց չթողեց
CultureԱնվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի մեկնարկը տրված է: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ հունվարի 15-ին ազդարարեցին փառատոնի բացումը:
Նվագախումբը կատարեց Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար, Տոնական կոչնակներ, Խաչատուր Մարտիրոսյանի «Զարթոնք» ստեղծագործությունները։ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց Մարտիրոսյանի Կոնցերտ-ֆանտազիա ջութակի և նվագախմբի համար գործը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ վերջին ստեղծագործությունը նվիրված է հենց Սերգեյ Խաչատրյանին: «Ճիշտ 10 տարի առաջ եմ այն սկսել և միշտ պատկերացրել եմ, որ Խաչատրյանը պետք է կատարի: Երկու տարի առաջ երբ ավարտել էի և Սերգեյին այստեղ տեսա, նվիրեցի այն: 10 տարվա ստեղծագործական աշխատանք է: Փորձերին մասնակցել եմ, տեսա, թե որքան պատրաստված են: Հավանում եմ նրանց կատարումը: Սերգեյը մեր լավագույն երաժիշտն է, մեծ հույսեր ունենք նրա հետ նաև ապագայում: Մեծ հաջողություններ ե նք մաղթում նրան»,-նշեց նա:
Համերգի ավարտին կոմպոզիտորը բեմ բարձրացավ, համբուրեց Սերգեյ Խաչատրյանի ճակատը` իր գոհունակությունը հայտնելով ստեղծագործության կատարման համար: Սերգեյ Խաչատրյանին հայ հանդիսատեսն առանց «բիս»-ի բաց չթողեց. նա կատարեց նաև Բախի ստեղծագործություններից, իսկ հանդիսատեսը շունչը պահած լսեց նրան: Աշխարհահռչակ ջութակահարին դիմավորեցին ու ճանապարհեցին անվերջ ծափահարություններով:
Հայաստանյան արդի մշակութային կյանքում 6 տարի շարունակ իր տեղն է գրավում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը: Հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների և ներկայիս ձեռքբերումների պահպանմանն ուղղված ծրագրի կազմակերպիչներն են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Ստեղծման առաջին իսկ օրվանից փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնը կներառի 4 համերգային երեկո, որոնցում կհնչեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Փակման համերգին ՀՊԵՆ-ը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, առաջին անգամ կներկայացնի Վարդան Աճեմյանի Չորրորդ սիմֆոնիան` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Կհնչի նաև Արամ Սաթյանի Երգ բնության սիմֆոնիան: