Հայկական ՏՏ-ի ներուժն ու հնարավորությունները պետք է առավելագույնս ներկայացվեն
Society«Սինոփսիս Արմենիա» ընկերություն այցելության ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ քննարկվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ազգային ծրագիր ունենալու հարցը:
«Սինոփսիս Արմենիա»-ն մեր երկրի ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է, որն հաջողությամբ է իրագործում մեծ արդյունավետություն ապահովող «արտադրություն-բուհ» կրթական մոդելը: Այն իր գործունեությունը սկսել է 2004թ.-ին և հանդիսանում է «Սինոփսիս» ընկերության ամենամեծ ստորաբաժանումներից մեկը: «Սինոփսիս Արմենիան» մասնագիտանում է գիտահետազոտական և ճարտարագիտական մշակումներով՝ մասնավորապես էլեկտրոնային ծրագրերի ավտոմատացման, արտադրության նախագծման և կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում:
Ազգային ծրագրի ստեղծումը, թույլ կտա նոր մակարդակից սկսել ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացը: Անշուշտ, Հայաստանը մեր տարածաշրջանում այն երկիրն է, որը կարող է այս ոլորտի հետ կապված մեծ ամբիցիաներ ունենալ և իրագործել: Դժվար է ասել, թե այստեղ ամեն ինչ անթերի է, սակայն զարգացումը ակնհայտ է: Նախորդ տարում, չնայած տնտեսության համար դժվարին տարի էր, սակայն այս ոլորտը աչքի ընկավ աշխուժությամբ՝ տեղի ունեցան բազմաթիվ կարևոր իրադարձություններ և միջոցառումներ: Ամեն դեպքում ճիշտ է այն մոտեցումը, որ մեր երկրի տնտեսական զարգացմանը խթանող ուժերից մեկը պետք է դիտարկել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:
Անշուշտ, պետության կողմից աջակցությունը շատ կարևոր է այս ոլորտի կայացման համար: Իհարկե, արտաքին շուկայում հայկական ՏՏ ոլորտի ապրանքների մրցունակությունը ապահովելը շատ բարդ խնդիր է, որի համար պետք է դրսում լայնորեն ներկայացվի ՏՏ ոլորտի ներուժը և հնարավորությունները: Սակայն, պետության աջակցությունը հատկապես կարևորվում է նաև երկրի ներսում, բոլոր ոլորտներում (հատկապես պաշտպանության ոլորտում) ՏՏ ոլորտի մշակումների մասայաբար ներդրման ծրագրերի իրագործման համար: Պետության կողմից տարբեր բնույթի աջակցությունների դեպքում, կմեծանա այդ ընկերությունների ներուժը, բնականաբար նաև մրցակցային առավելությունները, իսկ մեր տնտեսությունը մեծ առաջընթաց կապահովի տեխնոլոգիական առումով: Ազգային ծրագրի ստեղծման գաղափարը անշուշտ ողջունելի է և այն ավելի կհստակեցնի այս ոլորտի զարգացման առաջնահերթությունները: