10 օր չէր ջնջել օրացույցի օրերը. Արցախում զոհված Արամայիսի ընկերը հիշում է իրենց վերջին հանդիպումը (ֆոտո)
SocietyNews.am-ը գրում է.
ԼՂՀ-ում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հունվարի 9-ին մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Արամայիս Ոսկանյանի մասին նրա ընկեր Սեւան Գյուրջինյանը ցավով, բայց միեւնույն ժամանակ ժպիտով ու մեծ հպարտությամբ է խոսում:
«Հրաշալի անձնավորություն էր, կատակասեր, կիրթ, դաստիարակված, ծնողասեր, ընկերասեր։ Չնայած տարիքով ինձանից փոքր էր, բայց լավ խորհրդատու էր, ամեն ինչ կաներ, որ քեզ համար լավ լինի: Շատ հպարտ եմ, որ նրա նման ընկեր եմ ունեցել»,-ասում է Սեւանը:
Արամայիսը Երեւանի Պետական ագրարային համալսարանի 1 կուրսի ուսանող է եղել, երբ զորակոչվել է պարտադիր ծառայության:
«Ծառայությանը միշտ պատրաստ էր, ասում էր` գնամ, պարտքս կատարեմ, գամ»,-ասում է Արամայիսի ընկերը` հիշելով Արամայիսի նպատակները` ավարտել համալսարանը, աշխատանք գտնել եւ ընտանիք կազմել, որոնք նա չհասցրեց անել. վեց ամսից պետք է զորացրվեր։
Մանկությունից Արամայիսին ճանաչող Սեւանի հիշողության մեջ ամենաշատը տպավորվել է իրենց վերջին հանդիպումը։
«Նոյեմբերի 26-ին Արամայիսի պապիկն էր մահացել, Երեւանում հանդիպեցինք, եկել էր մեր համալսարան, հետը զինվորական օրացույց ուներ, տասը օրից ավելի օրերը չէր ջնջել, էդ օրերը ես ջնջեցի, ու ամսի 26-ը շրջանակի մեջ վերցրի ու սլաքով տարա ազատ տեղում գրեցի «բրատսսս», ու ասեցի` չկարդաս, կգնաս բանակ, նոր կնայես, ու հիշի, որ ամսի 26-ին մենք հանդիպեցինք»,-պատմում է Սեւանը:
Նշենք, որ Արամայիս Ոսկանյանը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից էր, տան միակ որդին էր, 3 քույր ուներ:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 11-ին՝ Արամայիս Ոսկանյանի հոգեհանգստի արարողությանը, նրա ընտանիքին է հանձնել «Մարտական ծառայություն» մեդալը, որով նա հետմահու պարգեւատրվել է:


