Մեզ միշտ համոզել են, որ մեր հաղորդումը վարկանիշ չունի, իրականում այդ ամենը սուտ էր. Լուսինե Բադալյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հեռուստառադիո հաղորդավարներ Լուսինե Բադալյանն ու Ժակն այլեւս հեռուստաէկրաններին չեն ներկայանում, բայց այս զույգի բացական կարծես թե նկատելի է: Life.panorama.am-ը փորձեց Լուսինե Բադալյանից ճշտել, թե արդյոք մոտ ժամանակներում ինքն ու Ժակը հեռուստատեսություն վերադառնալու ծրագրեր չունեն:
«Այս պահին այդ ուղղությամբ հստակ քայլեր դեռ չկան, բայց մտքեր, իհարկե, միշտ ունենք: Հիմա դեռեւս քննարկումների փուլում են այն ծրագրերը, որոնց մասին մտածում ենք: Մենք ունենք տարիների ընթացքում մշակած ծրագրեր, որոնք ինչ-ինչ պատճառներով մեր հեռուստաընկերությունները ի վիճակի չեն եղել իրականացնելու: Ճիշտն ասած՝ էկրաններից հեռանալը նախապես պլանավորված չէր, դա շատ անսպասելի կատարվեց մեզ համար եւ մենք որոշեցինք տոներից հետո դուրս գալ այդ շոկային վիճակից եւ արդեն մտածել նոր անելիքների մասին»,- նշեց հաղորդավարուհին:
Հարցին՝ հեռուստադիտողը կրկին սպասի՞ Ժակ եւ Լուսինե Բադալյան զույգին, թե նրանց առանձին կտեսնի, Լուսինեն պատասխանեց. «Անկեղծ ասած կրկին հստակ ասել չեմ կարող: Իհարկե, ցանկալի է, որ ես եւ Ժակը միասին լինենք, որովեհետեւ առանձնապես տրամադրված չենք առանձին գործելու եւ երբեւէ չենք էլ պատկերացրել, որ մի օր իրարից անկախ կգործենք: Միաժամանակ, մենք չունենք նման ամբիցիա, որ պարտադիր միասին լինենք, երկուսս էլ թեկուզեւ առանձին մեր նպատակներն ունենք, բայց միեւնույն է, ցանկալի է, որ մեր զույգին չբաժանեն, քանի որ մեր զույգը հայկական հեռուստադաշտի ամենաերկարատեւ համագործակցած զույգն է, մենք արդեն 18 տարի ենք միասին այս խոհանոցում, որից մեծ մասը դուետով ենք ներկայացել: Ուզում ենք շարունակենք պահպանել մեր դուետի ներդաշնակությունն ու օրինակելի հավատարմությունը»:
հարցին՝ եթերային վերադարձը ինչպիսի՞ ձեւաչափում է հաղորդավարուհին պատկերացնում եւ որ հեռուստաընկերությամբ, Լուսինե Բադալյանը պատասխանեց.
«Շատերը պնդում են, թե առավոտյան հաղորդումը վաղուց մերը չէ, բայց ես 2004թ-ից մինչ հիմա վարել եմ առավոտյան հաղորդում, այսինքն արդեն 12 տարի է, ու անկեղծ ասած մի տեսակ հոգնել եմ այդ ձեւաչափից, չնայած միաժամանակ շատ հարազատ մի բան կա ինձ համար այդ ձեւաչափում: Ինձ համար դա ապրելակերպ է դարձել, այսօր արդեն անսովոր է քնից արթնանալ եւ մարդկանց բարի լույս չասել: Այնուամենայնիվ, ես ու Ժակը արդեն որքան ժամանակ է երազում ենք վերականգնել մեր «Բենեֆիս» ծրագիրը, որը Ժակի հեղինակային ծրագիրն էր: Հետաքրքիր թոք-շոուների, երաժշտական ծրագրերի եւս մեծ սիրով կմասնակցենք, մի խոսքով նոր աշխատանք սկսելու շատ մեծ ցանկություն կա: Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, պետք է անկեղծորեն նշեմ, որ ես երբեք էլ իմ նախապատվությունները չեմ թաքցրել, ինձ համար միշտ էլ երազանք է եղել հարազատ Հանրային հեռուստատեսություն վերադառնալը, որը շատ տարբեր պատճառներով ամեն անգամ չի ստացվել: Հարազատ միջավայրը միշտ հետ է կանչում, բայց չենք էլ թողնում, որ այդ մաքուր ու մանկական երազանքը մեզ խանգարի առաջ շարժվելու համար. լավ ծրագիր իրականացնելիս մեզ համար աշխատավայրը կարեւոր չէ, այլ հեռուստադիտողի հետ կապը, եթե որեւէ հեռուստաընկերություն իր կանոնները չպարտադրելով մեզ տալիս է այդ հնարավորությունը, ապա մենք շատ շնորհակալ ենք լինում»:
Ի դեպ, մեզ հետ զրույցում Լուսինեն անկեղծացավ՝ ասելով, որ եթերում չլինելու կարճ ժամանակահատվածում ահռելի քանակի զանգեր է ստացել. «Անկեղծ եմ ասում, ես անգամ չեմ հասկանում, թե ինչպես են իմ հեռախոսահամարը գտնում, բայց ինձ անասելի քանակի զանգեր են գալիս, բողոքում ու պահանջում, որ հետ վերադառնանք: Այդ ժամակ հասկանում եմ, որ միայն նրա համար, որ տեսնեինք, թե ինչքան սպասված ու սիրված ենք, ոչինչ, արժեր նեղություն կրել եւ մի պահ հեռանալ: Նման վերաբերմունքը ինձ իսկապես շատ է հուզել՝ արտասվելու չափ: Մեզ միշտ համոզել են, որ մեր հաղորդումը վարկանիշ չունի, որ պետք է ժամանակի կանոններով առաջ շարժվել, վերափոխվել, որ պարտադիր չէ միայն մեզ համար ցանկալի երաժշտությունը հնչի եթերում, մեզ միշտ համոզում էին, որ մեզ ոչ մեկ չի դիտում, բայց այս ընթացքում ես հասկացա, որ իրականում այդ ամենը սուտ էր, հեռուստադիտողը գիտի, թե ինչ է ուզում»,- պատմեց նա:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան