Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդն օծել է Ռահվա գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու խաչերը
SocietyԻրանի Ռահվա գյուղի Ս. Աստվածածին պատմական եկեղեցում հունվարի 15-ին մատուցվել է Սուրբ եւ անմահ պատարագ, հանդիսապետությամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճյանի: Պատարագը մատուցեց Ուրմիայի հոգեւոր հովիվ Արժ. Տ. Ներսես Քհնյ. Պասիլյանը:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Ատրպատականի Հայոց թեմի ազգային առաջնորդարանից, առաջնորդ Սրբազան հոր ձեռամբ, Սբ Պատարագի ընթացքում, քարոզից անմիջապես առաջ տեղի է ունեցել եկեղեցու գմբեթի եւ զանգակատան խաչերի օծման հանդիսավոր արարողությունը: Ապա խաչերը երիտասարդների օգնությամբ զետեղվել են իրենց տեղերը: Վերանորոգված եկեղեցու արտաքին պատերի մաքրման աշխատանքները շուտով ավարտվելու են, որպեսզի կարելի լինի 18-րդ դարի եկեղեցին վերաօծել գարնանը: