Ավետիսյանների փաստաբանների կողմից առաջիկա նիստի ժամանակ կներկայացվեն նոր միջնորդություններ
Society
Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանների կողմից առաջիկա նիստի ժամանակ կներկայացվեն նոր միջնորդություններ: Այս մասին հունվարի 16-ին Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փաստաբան, Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Միանշանակ, հաջորդ դատական նիստին շատ խիստ պահանջներ են լինելու դատական նիստի պայմանների ապահովման, այդ թվում նաև դատական նիստի` ռազմաբազայից տեղափոխման առումով: Մեզ պետք են առավելագույն պայմաններ՝ արդյունավետ դատաքննություն իրականացնելու համար»,-նշեց Երեմ Սարգսյանը՝ փաստելով, որ հունվարի 18-ին Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում նշանակված դատական նիստին Ավետիսյանների հարազատների ներկայությունն ամեն դեպքում պետք է:
«Թողնել, որ հետագա դատական նիստերին կարևոր հարցերը բարձրաձայնվեն առանց տուժողների մասնակցության, ես դա անթույլատրելի եմ համարում, և դա է պատճառը, որ այս դիրքորոշումը իմանալուց հետո Ավետիսյանների հարազատները փոխեցին իրենց որոշումը և կմասնակցեն այս դատական նիստին, բայց այս որոշումը ժամանակավոր է, քանի որ հաջորդ նիստին մեր կողմից տեղի հետ կապված միջնորդությունը կներկայացվի և միջնորդության քննության արդյունքում հարազատները նոր վերջնական որոշում կկայացնեն»,-նշեց Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ կան խնդիրներ, որոնց բացահայտումը մարտավարական առումով այս պահին ճիշտ չէ, այդ գործընթացը կլինի աստիճանաբար:
Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ ըստ գործող օրենքի, եթե հարազատների հետ մեկտեղ նաև իրավահաջորդներն ու փաստաբանները չներկայանան դատին, ապա դատը կրկին կարող է կայանալ: «Օրենքով միայն մեղադրողի, մեղադրյալի և նրա պաշտպանների բացակայություն է, որ արգելում է դատական նիստի անցկացումը: Տուժող կողմի համար դատական նիստին մասնակցելը պարտականություն չէ, այլ իրավունք է, որից կարող են օգտվել: Եվ այս պարագայում մենք թույլ չենք տա, որ առանց հարազատների դատը կայանա: Այս պահին ճիշտ է մեր կողմից ներկայանալ հաջորդ դատական նիստին, ներկայացնել մեր միջն որդությունները և դրա արդյունքում վերջնական քննարկում ու որոշում կայացվի: Այս պահին չեմ կարող ասել դատարանն ինչ որոշում կկայացնի, բայց կան իրական հիմքեր այս միջնորդությունը բավարարելու»,-նշեց Երեմ Սարգսյանը:
Նա լրագրողների հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ նմատիպ հոդվածի ու մեղադրանքի պարագայում օրենքն արգելում է նաև արագացված դատաքննության կարգը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին` վաղ առավոտյան,ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից: Ավետիսյանների ընտանիքից ողջ էրմնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվելէր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Արմենուհի Մխոյան