Հասմիկ Պողոսյանը Սերգեյ Խաչատրյանին է հանձնել ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը
CultureՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին է հանձնել ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կա պերի բաժնից` հավելելով, որ պարգևի հանձնումը տեղի է ունեցել հունվարի 15-ի երեկոյան` Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի մեկնարկին նվիրված համերգից հետո, որին մասնակցել է ճանաչված ջութակահարը:
2012-ին շնորհված կոչումը հիմա հանձնելու պատճառը, ըստ Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի, Խաչատրյանի` աշխատանքային հագեցած ծրագրերի պատճառով Հայաստանում ոչ հաճախ գտնվելն է:
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը բնակվում է Գերմանիայում: Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի մոտ: Հետագայում ուսումը շարունակում է Վյուրցբուրգ քաղաքում: 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է գալիս սիմֆոնիկ նվագախմբի հետ`որպես մենակատար։ Վաղ տարիքից մենահամերգներով և որպես մենակատար՝ սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրում: Որպես կանոն տարեկան 1–2 համերգով հանդես է գալիս Հայաստանում: Սերգեյ Խաչատրյանը 2013 թվականին ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»:
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը 2015 թվականին եղել է Հայաստանում, մասնակցել է երջանկահիշատակ Արամ Ղարաբեկյանի հիշատակին նվիրված երեկոյին, ինչպես նաև ելույթով հանդես եկել «24/04» համաշխարհային նվագախմբի հետ: Ճանաչված արտիստը 2014-ին այցելել է հայրենիք, յուրահատուկ համերգային երեկո ունեցել թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ինչպես նաև Հախնազարյանի հետ հարցազրույց տվել «Արմենպրես»-ին: 2013-ին երաժիշտը Հայաստանում մասնակցել է Արամ Խաչատրյա նի անվան միջազգային փառատոնին: