Հանձնաժողովի անդամը մեղադրվում է այլ անձի փոխարեն քվեարկելու մեջ
SocietyՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 1/07 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Դեկտեմբերի 23-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են 1in.am տեղեկատվական հարթակում «Լուսավոր Հայաստան»-ի անդամ Մանե Թանդիլյանի փոխարեն քվեարկել են» վերտառությամբ հրապարակված նյութի հիման վրա ոստիկանության Նոր Նորք բաժնում նախապատրաստված նյութերը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ 1/07 ընտրատեղամասի ընտրող Մանե Թանդիլյանը դեկտեմբերի 6-ին այցելել է ընտրատեղամաս՝ մասնակցելու քվեարկությանը, որտեղ նկատել է, որ իր փոխարեն գրանցամատյանում արդեն ստորագրված է, ինչի մասին բարձրաձայնել է: Դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, իսկ Մ.Թանդիլյանը հեռացել է ընտրատեղամասից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում դեկտեմբերի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:
Նախաքննությամբ պարզվել է Մ.Թանդիլյանի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը։
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ թիվ 1/07 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Կ. Ստեփանյանը ընտրողի տվյալների դիմաց գրառել է մտացածին անձնագրային տվյալներ, ստորագրել և կնքել իրեն հատկացված կնիքով, ապա՝ քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։