Ավելի պարզ բացատրել հնարավոր չէր
AnalysisՎերջին օրերին սոցիալական ցանցերի հայաստանյան տիրույթում թե՛ հայատառ, թե՛ «քափսլոք լատինատառ» գրող օգտատերերի կողմից ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը ապամոնտաժելու թեման է և հիմնական հարցը՝ քանդե՞լ, թե՞ չքանդել:
Եվ ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում ևս, հայերը ընկնում են ծայրահեղությունների հետևից, այնինչ, բացի ծայրահեղություններից, կա նաև այնպիսի տարբերակ, որը կոչվում է ողջամտություն:
Փորձենք մոտենալ ողջամտորեն: Այո՛, շենքն իսկապես մշակույթային արժեք է, մեր քաղաքի խորհրդանիշներից, բայց եթե հաստատվի, որ այն իսկապես սեյսմիկ վտանգ էլ է ներկայացնում և կարող է, օրինակ՝ փլուզվել և նույնիսկ մարդկային կորուստների պատճառ դառնալ, ապա, ներողություն, այդտեղ շենքի պատմական և մշակութային արժեքը կորչում, զրոյանում է, քանի որ այն բախվում է մարդկային կյանքի, առողջության և անվտանգության արժեքների հետ, որոնք միանշանակ ավելի կարևոր են: Այսինքն, սկզբունքը պարզ է, որ եթե սեյսմիկ վտանգ կա, միանշանակ պետք է քանդվի:
Կա նաև մյուս ծայրահեղությունը. Մարդիկ կան, ովքեր ասում են, թե շենքը բոլոր դեպքերում պիտի քանդվի: Բայց ինչո՞ւ: Եթե, օրինակ, պարզվի, որ ոչ մի սեյսմիկ վտանգ չկա, ում է խանգարելու այդ շենքը, թող մնա էլի իր համար...
Կարող են ամրացնել, թարմացնել՝ պահելով իր հիմնական ձևը և ինչ-որ կարևոր նշանակության համար օգտագործել: Ցանկության դեպքում այդ կարևոր նշանակությունն էլ կգտնեն:
Այնպես որ, բոլորին առաջարկում եմ բոլոր տեսակի էմոցիաները դնել մի կողմ և շարժվել զուտ ողջամիտ հաշվարկներով՝ եթե վտանգ կա, պետք է քանդվի, եթե վտանգ չկա, թող մնա: Ավելի պարզ բացատրել հնարավոր չէր:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան