Սեքս-խանութները հարավային Կովկասում. սեքս կա, խանութ չկա
Lifestyle1in.am-ը գրում է.
Շատ զարգացած, նույնիսկ զարգացող երկրներում սեքս-խանութները սովորական երևույթ են դիտվում, սակայն Հարավային Կովկասի համար այն դեռևս տաբու է:
Հայ, վրացի և ադրբեջանցի լրագրողներ Նոնա Շահնազարյանը, Էդիտա Բադասյանը և Գյունել Մովլուդը ուսումնասիրել են այդ հարցը BBC լրատվական ծառայության համար:
Վրաստան. սեքս-խանութը՝ սատանայի ծնունդ

Հոդվածը գրելուց առաջ լրագրողուհիները բանավեճ են ծավալել սոցցանցերում: Որոշ օգտատերեր անընդունելի են համարել նմանատիպ խանութների գոյությունը, նույնիսկ մեղք են համարել դա: Շատերը խոստովանել են, որ դրանց կարիքը կա, սակայն Թբիլիսին փոքր քաղաք է, և ոչ ոք չի ուզում, որ իրեն «բռնացնեն» այդ խանութը մտնելիս: Հետաքրքիր է, որ տղամարդիկ ավելի կոշտ դիրքորոշում ունեին այդ հարցում, քան կանայք: Թբիլիսիում միակ սեքս-խանութը ստիպված փակել են երկու անգամ նրա վրա հարձակում գործելուց հետո: Այժմ գործում է առցանց երկու խանութ՝ հարուստ տեսականիով:

Հայաստան. միայն առցանց

Ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում օրենսդրությամբ արգելված չէ սեքս-խանութի գործունեությունը, սակայն Երևանում նույնպես դրանք բացակայում են: Փոխարենը շատ են առցանց սեքս-խանութները: Երևանցիներից շատերը այն կարծիքին են, որ առաջարկվող տեսականին մեծամասամբ անորակ է, որովհետև ներկրվում է Չինաստանից, իսկ որակյալ ապրանքները շատ թանկ արժեն: Իսկ հարցին, թե ինչու խանութներում չկան համապատասխան բաժիններ, նրանք պատասխանել են, որ այդ բաժիններ այցելող մարդկանց մասին շատ արագ կտարածվեն լուրերը, և նրանց կյանքը մեկ ժամվա ընթացքում կխորտակվի:
Ադրբեջան. «պոռնոգրաֆիա»

Բաքվում սեքս-խանութ բացելը միանգամայն անիրական գաղափար է: Ադրբեջանում նմանատիպ ապրանքատեսակները համարվում են պոռնոգրաֆիա: Այստեղ հասարակության գերակշիռ հատվածը անընդունելի, նույնիսկ դատապարտելի է համարում նման խանութների գոյությունը: Գումարած դրան՝ իրավական տեսանկյունից նույնպես դատապարտելի է. Ադրբեջանում Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի համաձայն՝ գովազդի նպատակով պոռնոգրաֆիկ նյութերի և առարկաների տարածումը հանցանք է համարվում:
