ՀՀԿ ԵԿ-ն Լիբանանում մասնակցել է Միջին Արևելքում քրիստոնյաների պաշտպանության հիմնահարցերի վերաբերյալ քննարկմանը
SocietyՀայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը մասնակցություն է ունեցել Միջին Արևելքում քրիստոնյաների դրության և պաշտպանության հիմնահարցերի վերաբերյալ լիբանանյան քննարկումներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, հունվարի 15-17-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվել է «Երիտասարդության ակտիվությունը, հնարավորություններն ու քաղաքական մասնակցությունը» խորագրով ծրագիր, որը կազմակերպվել էր «Լիբանանյան ուժեր» կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից:
Ծրագրի շրջանակներում Միջազգային երիտասարդական դեմոկրատական միությունը( IYDU) հրավիրել էր Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքին(DEMYC)` քննարկելու քրիստոնյաների դրությունը Միջին Արևելքում և նրանց պաշտպանության հիմնահարցերը: Ծրագրին DEMYC-ի հայ ներկայացուցիչներից մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության անդամ Ալեքսան Հովհաննիսյանը:
Նախաձեռնությանը մասնակցել են շուրջ 30 երիտասարդներ Հայաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Լիբանանից, Իրաքից, Ալբանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Հունաստանից, Մարոկկոյից, Ֆինլանդիայից, Դանիայից և Սլովենիայից:Ծրագրի մեկնարկին երիտասարդները հանդիպում են ունեցել «Լիբանանյան ուժեր» կուսակցության ներկայացուցիչների և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի(KAS) լիբանանյան գրասենյակի ներկայացուցիչ Փիթըր Ռիմելեի հետ: Հաջորդիվ KAS նախաձեռնությամբ քննարկումներ են եղել «Կուսակցության ներսում երիտասարդու թյան ակտիվությունն ու շարժունությունը», «Երիտասարդների քաղաքական մասնակցությունը ազգային քաղաքականությանը և տարածաշրջանային ու միջազգային իրադարձություններին» թեմաներով:
Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել DEMYC-ի խորհրդի հանդիպումը, կազմակերպվել են IYDU 2 խորհրդաժողովներ, որոնց ընթացքում կատարվել է IYDU նոր ղեկավարի ընտրությունը: Մասնակից երիտասարդները Լիբանանի քաղաքական և կրոնական իրավիճակի մասին պատմական փոքրիկ ֆիլմի դիտումից հետո քննարկում են ունեցել նաև միգրացիոն ճգնաժամերի վերաբերյալ, այնուհետև այցելություն են կատարել Բիբլոս քաղաք և հանդիպել վերջինիս քաղաքապետին:
Ծրագիրն ավարտվել է արդյունքների ամփոփմամբ` Միջին Արևելքում քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված հետագա ծրագրերի և միջոցառումների կազմակերպման ակնկալիքով: