Պետք է թիրախավորել «Գազպրոմ Արմենիային»
AnalysisՄե խի~նդ, մե ոգևորությու~ն... Ըհը, իշխանությունները դիմել են Ռուսաստանին՝ էներգակիրների գների հետ կապված խնդրով, ու մերոնք ոգևորվել են... Մերոնք ասելով՝ նկատի ունեմ լրատվական կայքերն ու ֆեյսբուքյան հարթակը, նրանք երևի թե հավատում ու ակնկալում են, որ մոտ ապագայում բնակիչները կսկսեն գազի համար ավելի քիչ վճարել:
Ես ինքս շատ ուրախ կլինեմ, եթե իսկապես նման բան լինի, բայց ինձ թվում է՝ մարդիկ թիրախը սխալ են ընտրել: Լավ, ընդունենք Ռուսաստանը համաձայնվեց գինն իջեցնել և իջեցրեց, բայց դա դեռ չի նշանակում, որ իջեցված գինը կհասնի մեզ, որովհետև արանքում կա «Գազպրոմ Արմենիա»: Հիշու՞մ եք՝ անցած տարի էլ իջեցրեցին, իսկ մենք ի՞նչ ստացանք դրանից:
Հիմա իշխանությունները ՌԴ-ին դիմել են, որովհետև ռուբլու փոխարժեքի տատանման հետևանքով վնաս են կրում: Այսինքն, «Գազպրոմ Արմենիան» էլ կարող է, իր ոճին համապատասխան, «հիմնավորումներ» բերել, թե իրենք էլ են լուրջ վնասներ կրել ռուբլու փոխարժեքի տատանման հետևանքով ու հիմա պետք է փոխհատուցեն իրենց վնասները, ուստի բնակչության համար գազի գինը չի իջնի...
Ես չեմ ասում, թե այդպես էլ կլինի, բայց ուղղակի պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում գազի գին իջեցնողը ավելի շուտ «Գազպրոմ Արմենիան» է. ինչքան ուզեն, այդքան էլ կսահմանեն, ու պիտի պատրաստ լինենք ցանկացած սցենարի, մեր երկրում ոչինչ չի բացառվում: Եվ ես կարծում եմ` այս հարցում չպետք է կենտրոնանալ միայն ՀՀ իշխանություններ-Ռուսաստան համաձայնության վրա, այլ պետք է թիրախավորել «Գազպրոմ Արմենիային» և պահանջել, որպեսզի ընկերությունն իր շահերը չգերադասի ժողովրդի շահերից:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան