Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները դատապարտված են զարգացման. Տաճատ Վարդապետյան
Հայաստանը և Վրաստանը դարերի և հազարամյակների բարեկամական պատմություն ունեցող ժողովուրդ են, և երկու երկրների հարաբերությունները դատապարտված են զարգացման ու առավել խորացման:
Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: «Ես կարծում եմ, որ հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար պետք է ինչ-որ հատուկ կարգավիճակ ընտրվի՝ չնայած շատերն այն կարծիքին են, որ Հայաստանը, անդամագրվելով Եվրասիական տնտեսական միությանը, կարող է անջրպետ ստեղծել հայ-վրացական հարաբերություններում, սակայն ես այդ կարծիքը չեմ կիսում: Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն այդ ամենից հետո ավելի կջերմանան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցությամբ և Վրաստանի եվրաասոցացման գործընթացի հետևանքով երկու երկրների միջև կլինի ոչ թե շահերի բախում, այլ հակառակը՝ կլինի շահերի համընկնում: «Օրինակ, վրացական գինին կարող է այդքան պահանջարկ չունենալ Եվրոպայում, սակայն Եվրասիական միությունում լուրջ պահանջարկ ունի, և վրացի արտադրողները կարող են Հայաստանում կազմակերպել գինու արտադրություն և այստեղից առաքել Եվրասիական միության անդամ երկրներ: Եվ նմանապես հայաստանյան ներդրողները կարող են եվրոպական շուկայում առավել պահանջարկ ունեցող ապրանքներն արտ ադրել Վրաստանում և արտահանել եվրոպական շուկա»,- ասաց Վարդապետյանը:
Անդրադառնալով քաղաքական զարգացումներին՝ Վարդապետյանը հիշեցրեց, որ Վրաստանում կա 500-հազարանոց հայկական համայնք, որը լրջորեն մասնակցում է Վրաստանում պետականաշինության գործընթացին: «Մենք գիտենք, որ հայ-վրացական հարաբերությունները միշտ ջերմ են եղել: Եղել են որոշ վայրիվերումներ, սակայն ներկայումս դրանք բարձր մակարդակի վրա են, ինչի մասին են խոսում բոլորովին վերջերս Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, Վրաստանի նախագահի այցը Հայաստան, մեր նախագահի այցը Վրաստան»,- նշեց պատգամավորը: Նա նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 6-8-ը նախատեսվում է Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը Վրաստան, որի ժամանակ, իհարկե, նոր պայմանավորվածություններ ձեռք կբերվեն խորհրդարանների մակարդակով համագործակցության համատեքստում: «Ես առաջնորդվում եմ այն կարգախոսով, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում չկան խնդիրներ, որոնք լուծում չստանան, ուղղակի դրանց լուծման համար էլ հարկավոր է անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորել»,- ասաց նա: Տաճատ Վարդապետյանը նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանը կարող է նպաստել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը, ինչը շատ կարևոր նշանակություն ունի բոլոր կողմերի համար: