Երեք բնագավառի 13 ստեղծագործող արժանացել է ՀՀ պետական մրցանակի
SocietyՆախագահական նստավայրում հավաքվել են տարվա ընթացքում մշակույթի, արվեստի եւ գիտության ոլորտում լուրջ ներդրումներ կատարած եւ նոր ստեղծագործություններով աչքի ընկած մարդիկ: Նրանցից 13-ի կատարած աշխատանքն արժանացել է ՀՀ պետական մրցանակի. որոշումը կայացրել են տվյալ բնագավառում մասնագիտական հանձնաժողովները, մրցանակները հանձնում է Հանրապետության նախագահը:
Պետական պարգեւների են արժանացել գրականության եւ արվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության, ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում լուրջ ներդրումներ կատարած անձինք: Մնացած ոլորտներում կամ հայտեր չեն եղել, կամ էլ հանձաժողովը խիստ է գնահատել ներկայացված գործերը: Գրականության եւ հրապարակախոսության ոլորտում հանձնաժողովը 3 անգամ գաղտնի քվերակությամբ ու միաձայն ընտրել է Հակոբ Մովսեսի «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուն: Հանձնաժողովը որոշել է, որ ժողովածուի լեզուն յուրահատուկ է, խորաթափանց եւ գրավող:
Վարդան Աճեմյանը կարողացել է բացահայտել, թե որն է հնչյունի թատրոնն ու լարային նվագախմբի, գոսերի եւ դաշնամուրի համար ստեղծագործություն է գրել ու անվանել «Հնչյունի թատրոն»: Աշխատանքը լավագույնն է ճանաչվել, պարգեւը` պետական մրցանակն է: Ռեժիսոր Վահե Կեվորկովը, օպերատորներ Սամվել Բաբայանն ու Հայկ Բադալյանը, սցենարի հեղինակ Աննա Դերձակյանն ու մոնտաժող Արթուր Փարսյանը ստեղծել են «Արմենիա. ծովից ծով» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Զորի Բալայանի եւ «Արմենիա» նավի կատարած ճամփորդության մասին:
Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրը լավագույնն է ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում: Հանձնաժողովի դատին ներկայացվել էր երկու կառույց` նորակառույց վարչական համալիրն ու Դիլիջանի դպրոցը: Հանձնաժողովը որոշումը կայացրել է հօգուտ վարչական համալիրի. Արդյունքում` ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, կոնստրուկտոր Պոլ Չաթալբաշյանն ու «Սպիտալ տնակ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Ախոյանն արժանանում են բարձրագույն մրցանակին: Ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում էլ լավագույնը «Նոր սերնդի ոչ սպիտակ ուցային ամինաթթուների արդյունավետ փոքրածավալ արտադրական տեխնոլոգիա» աշխատանքն է: Աշոտ Սաղյանը, Աննա Մկրտչյանն ու Հայարփի Սիմոնյանն էլ պարգեւատրվողների ցանկում են: