Նարեկ Սարգսյանն պետմրցանակի գումարը կփոխանցի Գյումրիի անօթևաններին
SocietyՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր՝ պետական մրցանակով սահմանված գումարը` 1 մլն 667 հազար դրամ, կփոխանցի «Շիրակ» կենտրոն ՀԿ-ին՝ որպես աջակցություն հասարակական կազմակերպության կողմից Գյումրիի անապահով ընտանիքների համար իրականացվող ծրագրերի:
Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հունվարի 20-ին ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2015թ. պետական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում 2015 թվականին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի են արժանացել ճարտարապետ, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, կոնստրուկտոր Պոլ Չաթալբաշյանը և շինարար, «Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Ախոյանը` Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցված կառավարական վարչական նոր համալիրի համար:
Նարեկ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ համալիրի գաղափարական հիմքում անկախության շեշտադրումն է եղել. «Ցանկացել ենք ստեղծել կառույց, որը, լինելով նոր ու ժամանակակից, միաժամանակ համահունչ և հավատարիմ լինի հայկական մտածելակերպին, լեզվին, ավանդույթներն, համայն հայության մայրաքաղաք Երևանին… Այդ նպատակով հատուկ շեշտադրել ենք բաց գույնը՝ կառույցն իրականացնելով հայկական ճերմակ տեղական քարով»: