Հունվարի 23-ին հայ առաքելական եկեղեցին կնշի Սբ. Սարգսի տոնը
Society Այս տարի հունվարի 23-ին հայ առաքելական եկեղեցին կտոնի Սուրբ Սարգսի տոնը: Տոնն ուղեկցվում է ոչ միայ եկեղեցական ծիսակարգերով, այլև ավանդական սովորույթներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Արարատյան հայրապետական թեմի սբ.Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տեր Պարթև քահանա Մուրադյանը:
«Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որը պետք է պատրաստված լինի այրի կամ նոր ամուսնացած կնոջ ձեռքով: Աղի բլիթի հետ էլ երիտասարդները կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:Ավանդույթը եկեղեցու հետ կապ չունի և պետք չէ հավատ կապել երազների և աղի բլիթի հետ, պետք չէ աղի բլիթից լինել կախված»,- նշեց Տեր Պարթևը:
Քահանան նշեց, որ հունվարի 23-ին Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Եկեղեցական արարողակարգին կհաջորդեն Արարատյան հայրապետական թեմի կողմից արդեն 11 տարի կազմակերպվող աշխարհիկ միջոցառումները:
«Օրհնության կարգին կարող են մասնակցել ոչ ֆիզիկապես երիտասարդները, այլև հոգով, քանի որ յուրքանչյուրն, ով հավատ ունի իր հոգում, նա մշտապես երիտասարդ է»,- ասաց քահանան:
Նա նշեց, որ տարիներ առաջ ավելի շատ շեշտը դրվում էր սբ. Վալենտինի տոնի վրա, բայց այսօր շատացել են սբ. Սարգիսը տոնող երիտասարդները: Նրանք տոնի խորհուրդն են հասկանում: և եթե չգիտեն, հարցնում են հոգեւորականին: Սա նշանակում է, որ երիտասարդներն հասկացել են, որ մերն ավելի գեղեցիկ է, քան օտարինը:
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Սուրբ Սարգսի տոնը դասվում է շարժական տոների շարքին: Շնորհաշատ զորավար Սարգիսը շատերին է քրիստոնեություն քարոզել: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներնաղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Զորավարը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է և նրա շուրջ բազումավանդապատումներ են հյուսվել: