ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգում կայացել է Ադրբեջանում հայկական ջարդերի տարելիցին նվիրված միջոցառում
SocietyԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի մայրաքաղաք Փրովիդենսում Սբ. Սահակ և Մեսրոպ Հայ եկեղեցու մշակութային կոմիտեն, Ռոդ Այլենդի հիշատակի կոմիտեն և Հայ փախստականների սոցիալ-տնտեսական զարգացման ասոցիացիան (ARSEDA) հունվարի 16-ին կազմակերպել են «Մեկ դար տևած ցեղասպանություն։ Բաքվի սև հունվարը» վերնագրով վավերագրական ֆիլմի ցուցադրում։
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, միջոցառմանը, որը նվիրված էր Ադրբեջանում հայկական ջարդերի տարելիցին, մասնակցել են ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, նահանգային խորհրդարանի անդամ Կեթրին Կազարյանը, Սբ Սահակ և Մեսրոպ Հայ եկեղեցու ներկայացուցիչներ, լրագրողներ, Բաքվի հայ փախստականներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ֆիլմի ցուցադրումից հետո ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռ․Ավետիսյանը, Ռոդ Այլենդի նահանգային խորհրդարանի անդամ Կ.Կազարյանը, ARSEDA-ի ղեկավար Կարեն Բաղդասարյանը, հոգևորականներ հանդես են եկել ելույթներով։ Ֆիլմի ստեղծագործական խմբի անդամ Հայկարամ Նահապետյանը ներկայացրել է վավերագրական ֆիլմի մասին մանրամասներ։
ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռ․ Ավետիսյանը ելույթից հետո պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, բանակցային գործընթացին և փախստականների խնդիրներին։