Հայաստանը և Ֆրանսիան կկնքեն Արարատյան հարթավայրի ոռոգման բարելավման համաձայնագիր
EconomicsՀՀ ֆինանսների նախարարությունը և Զարգացման ֆրանսիական գործակալությունը կստորագրեն Ֆինանսավորման համաձայնագիր Արարատյան հարթավայրի գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման արդյունավետության բարելավման մասին:
75 միլիոն եվրո արժողությամբ այս ծրագիրը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի շուրջ 4500 գյուղաշխատողների բարելավել գյուղարտադրանքը և եկամուտները, մասնավորապես Վեդիի 29 միլիոն խորանարդ մետր հզորությամբ ջրամբարի և օժանդակ կառույցների շինարարության միջոցով, ինչպես նաև հնարավորություն կտա 3220 հեկտարով վերականգնել և ընդարձակել ոռոգվող հողերի պարագիծը, ավելացնել ոռոգման ջրից օգտվողների համար նախատեսված մատակարարվող հզորությունները:
Ինչպես տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի բաժնից, Զարգացման ֆրանսիական գործակալության և ՀՀ Էկոնոմիկային նախարարության միջև 2011 թվականին կնքված Համագործակցության արձանագրության շրջանակներում իրականացվող սույն ծրագիրը ԶՖԳ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվող առաջին փոխատվությունն է Հայաստանում իր գործունեությունը ծավալելուց ի վեր:
Ստորագրման արարողությունը տեղի կունենա հունվարի 26-ին ՀՀ Ֆինանսների նախարարությունում՝ ներկայությամբ ՀՀ Ֆինանսների նախարար պարոն Գագիկ Խաչատրյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի և ԶՖԳ Ասիայի վարչության փոխտնօրեն պարոն Ժան-Կլոդ Պիրեսի: