Որո՞նք են մեր արժեքները
AnalysisԻ՞նչը համարել արժեք, պատմական, մշակութային, հայրենական կամ հոգևոր: Մի քանի օր է, ինչ հայաստանյան լրատվական դաշտն ալեկոծվում է Արամի 30 հասցեում գտնվող շենքի գաղտագողի քանդելու կապակցությամբ:
Արժե՞ք էր արդյոք այդ շինությունը, արժե՞ք էին արդյոք մինչ օրս հողին հավասարված և հազարավոր տոննա բետոնով փոխարինված Հին Երևանի շինություններն ու փողոցները: Թերևս դրանցից յուրաքանչյուրն իր ձևի մեջ արժեք էր, քանի որ ներկայացնում էր մայրաքաղաքի պատմության մի մասնիկը: Պատմությունն ինքնին արժեք է, սակայն պատմությունն ունի դասեր, որոնց մոռացությունը արժեզրկում է անգամ այն կրողներին:
Ք.ծ.ա. 5-րդ դարում հույն-պարսկական երկրորդ պատերազմի ժամանակ, երբ պարսիկները շրջապատել էին Աթենքը, հույն զորավար Թեմիստոկլեսը աթենացիներին ուղղված իր ճառում մասնավորապես նշեց, որ Աթենքի հարստությունը նրա տաճարները, արձաններն ու շենքերը չեն, այլ Աթենքի քաղաքացիները: Թեմիստոկլեսի ճառից հետո Աթենքի բնաչությունը տեղափոխվեց Սալամին կղզի, Աթենքը գրավվեց պարսիկների կողմից, ավերվեց և հրկիզվեց, որից հետո՝ հաջորդ տարի, արդեն Սալամինի ծովային ճակատամարտում հույները ջախջախիչ հաղթանակ տարան, սակայն սա արդեն այլ պատմություն է:
Եվ ուրեմն, ո՞րն է Երևանի արժեքը՝ քաղաքացի՞ն, որի գոյությունն է իմաստ և արժեք հաղորդում ոչ միայն Արամի 30-ին, այլև մնացած բոլոր շենքերի և շինություններին, թե՞ բոլոր այն հին ու նոր շենքերը, որոնք ոչինչ են առանց քաղաքացիների:
Ինչ խոսք, շատերը կպնդեն, որ իրականում մեկը մյուսի հետ կապ չունի և բոլոր ոլորտներում առկա խնդիրները պետ է լուծվեն առանձին, սակայն մենք ապրում ենք մի այնպիսի Հայաստանում, ուր ոչ միայն վտանգված է քաղաքացիությունը, այլև ֆիզիկապես քաղաքացին անվտանգ չէ, որտեղ ցանկացած քաղաքացու կարելի է փակել բանտախցում կեղծ ու անհեթեթ մեղադրանքներով, որտեղ ընտրությունների ժամանակ հարյուր հազարավոր քաղաքացիների իրավունք է ոտնահարվում: Շաբլոն ու հերթապահ է հնչում, բայց հենց այստեղից է սկսվում ամեն ինչ:
Քանի դեռ Հայաստանում չկա քաղաքացի, անիմաստ է խոսել ցանկացած այլ արժեքից, որովհետև, ինչպես արդեն ասվեց, ինքնանպատակ ու ինքնաբավ արժեքներ չեն լինում, արժեքը՝ որպես այդպիսին, դառնում է միայն յուրահատուկ միջավայրում, որի բացակայության պայմաններում մնացածը պարապ խոսքեր են:
Ոչ պակաս պարապ խոսքեր են այս կամ այն շինության քանդումն արդարացնող ու հիմնավորող այսպես կոչված «ճարտարապետ-ինծիլիգենտների» դատարկաբանությունները, որոնցում առկա երեսպաշտության չափաքանակից ուղղակի ֆիզոլոգիական սրտխառնոց է առաջացնում, քանի որ հիշյալ դասակարգի ներկայացուցիչներից շատերն իրենց տաքուկ անկյունն են գտել Երևանի ավագանիում:
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան