ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չեխիայի աջակցությամբ արդիականացվելու է ՀՀ սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը 2016 թվականին իրականացնելու է սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցի արդիականացմանն ուղղված քայլեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ ուղղությամբ աշխատանքների իրականացուն ընդգրկված է ՀՀ կառավարո ւթյան 2016 թվականի գերակա ծրագրերի թվում:
Ըստ ՏԿԱԻՆ-ի, Հայաստանում սեյսմիկությունն ունի բարդ պատկեր, որը պայմանավորված է բազմաթիվ ակտիվ բեկվածքների և բլոկների առկայությամբ: Գտնվելով տեկտոնական սալերի բախման գոտում` այստեղ անընդհատ տեղի է ունենում լարումների կուտակում և լիցքաթափում: «Նախապատրաստվելով հնարավոր ուժեղ երկրաշարժի` կարելի է արմատապես նվազեցնել նրա ծանր հետևանքները, թույլ չտալ, որ այն վերածվի աղետի: Այս պարագայում սեյսմիկ մշտադիտարկման ապահովումը Հայաստանի սեյսմիկ անվտանգության հիմնախնդիրներից է:
ՀՀ կառավարության 2012 թվականի որոշմամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին ամրացված Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանը (ԳԵԴ) հանձնվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին: Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի թունելախորշում գրունտի ուժեղ շարժումների լոկալ ցանցի ստեղծումը կնպաստի Գառնիի ակտիվ խզվածքի հատվածում համալիր երկրաբանաերկրաֆիզիկական հետազոտությունների ընդլայնմանը:
Հաշվի առնելով Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի թունելախորշի առանձնահատուկ տեղակայվածությունն` առաջարկվում է ձեռք բերել 3 ժամանակակից թվային գրունտի ուժեղ շարժումների սարքեր և տեղադրել դիտարանի թունելախորշում` Գառնիի ակտիվ խզվածքի գոտում գրունտի տատանումների առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, հետևյալ բաշխվածությամբ. երկուսը` հյուսիսից հարավ ուղղությամբ 200 մ հեռավորության վրա, երրորդը՝ դրանց ուղղահայաց` 25 մ հեռավորության վրա»,- ասված է ՏԿԱԻ-ի հիմնավորման մեջ:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցի արդիականացումն իրականացվելու է ԱՄՆ Երկրաբանական ծառայության (Համաշխարհային սեյսմոլոգիական ցանցի (GSN) IRIS համակարգի Գառնի կայանի դոնոր կազմակերպություն), Ռուսաստանի Դաշնության Գիտությունների Ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության (Երկրակեղևի դեֆորմացիաները գրանցող կայանի՝ դեֆորմոգրաֆի դոնոր կազմակերպություն) և Չեխիայի Գիտությունների Ակադեմիայի Լեռնային և կառուցվածքային մեխանիկայի ինստիտուտի (Երկրակեղևի թեքվածությունը գրանցող կայանի՝ թեքաչափի դոնոր կազմակերպություն) աջակցությամբ:
Ծրագրի իրականացումը կբարձրացնի ստացվող տվյալների ճշտությունը և կբացահայտի անոմալ դաշտերի նուրբ փոփոխությունները, որոնք սեյսմիկ վտանգի գնահատման տեսակետից խիստ կարևոր են: Ակնկալվում է, որ Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի վերազինումը հնարավորություն կտա նոր և ավելի հուսալի դիտարկումների հիման վրա գնահատելու ՀՀ տարածքի երկրակեղևի լարվածադեֆորմացիոն վիճակը, ուսումնասիրելու երկրաշարժերի առաջացման մեխանիզմները, անջատելու երկրաշարժերի նախանշանները և, որպես հեռահար կարևորագույն գիտական և սոցիալական խնդիր, կանխատեսելու ուժեղ երկրաշարժերը: