Սուրբ Պատարագ և զինվորների պարգևատրում Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ
SocietyՆախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա են գտնվել Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ մատուցված Ս. Պատարագին, որը մատուցվել է թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Սուրբ Պատարագի շրջանակում կատարվել է պետական սահմանի առաջնագծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած երիտասարդ զինծառայողների օրհնության կարգ:
Ս. Պատարագի ավարտից հետո Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում կազմակերպվել է պարգևատրման արարողություն: Սահմանային գոտում մարտական հերթապահություն իրականացրած լավագույն ժամկետային զինծառայողներից 25-ը Սուրբ Սարգսի տոնի առիթով Արարատյան Հայրապետական թեմի կողմից պարգևատրվել են Ս. Սարգիս Զորավարի խորհրդանշական զարդապատկերով և տոնը խորհրդանշող հուշանվերներով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը զինվորների հետ միասին ներկա են եղել նաև նրանց մայրերը:











