Ֆրանսիան շարունակում է քննարկել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը. Պետքարտուղար
SocietyԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով Պետքարտուղար Աննիկ Ժիրարդենն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, տիկին Ժիրարդենը ծաղկպեսակ դրեց հուշահամալիրին և ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատոցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև Պետքարտուղարը շրջեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում` ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին և Մեծ Եղեռնի պատմությանը:
Լրագրողների հետ զրույցում Աննիկ Ժիրարդենը նշեց, որ հուզված և ցնցված է թանգարան-ինստիտուտում ներկայացված ցուցանմուշներից և Ցեղասպանության պատմությունից: «Հայաստան եմ բերել Ֆրանսիայի ուղերձն առ այն, որ Ֆրանսիայի բարեկամ Հայաստանի կողքին է: Մեր երկիրը սատարել, աջակցելու և շարունակելու է օժանդակել Հայաստանին»,- ասաց Պետքարտուղարը:
Խոսելով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման մասին` Աննիկ Ժիրարդենը նշեց, որ այդ հարցը շարունակում է քննարկվել Ազգային ժողովի և Սենատի «պատերի» ներքո: «Այսօր Ֆրանսիան ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկու անգամ եղել է ՀՀ-ում` մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններին: Այսօր կարող եմ ասել, որ Ֆրանսիայում շարունակվում է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը»,- ասաց տիկին Ժիրարդենը: միաժամանակ, նա հիշեցրեց, որ Մեծ Եղեռնը լայնորեն քննարկվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում և դատապարտվել կազմակերպության նախագահի կողմիլ:
Նրա խոսքով` այսօր էլ ականատեսն ենք աշխարհի տարբեր վայրերում նման ոճրագործությունները և բոլորիս պարտքն է զերծ պահել մարդկությանը նման արհավիրքներից:
«Կարծում եմ` պետք է առաջ նայել: Մեր պարտքն է օգնել բարեկամ Հհայաստանին` զարգացնել պետությունը, տնտեսության, զբոսաշրջության, կրթության ոլորտներում»,- ասաց տիկին Ժիրարդենը: