Դիլիջանի ոլորաններում ձյան մաքրման աշխատանքներ են ընթանում
SocietyՀանրապետության մի շարք ավտոճանապարհներ հունվարի 24-ին սկսված և հունվարի 25-ին շարունակվող ձյան առատ տեղումների պատճառով դժվարանցանելի են։ «Դիլիջան Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության գլխավոր ինժեներ Գագիկ Վասիլյանից տեղեկացանք, որ իրենց սպասարկման տարածքում, որն ընդգրկում է նաև երթևեկության համար բավական դժվարանցանելի Դիլիջանի ոլորանների հատվածը, գիշերվանից սկսած՝ ձյան մաքրման ինտենսիվ աշխատանքներ են ընթանում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
«Դիլիջանի ոլորանները մեր սպասարկման տակ գտնվող ամենադժվար հատվածն է։ Գիշերվանից աշխատում ենք։ Այս պահի դրությամբ ձյունն արդեն թուլացել է։ Մերթընդմերթ մառախուղ է իջնում, բայց դա չի խանգարում, որ մեքենա-մեխանիզմներն աշխատեն։ Հիմա ճանապարհը նորմալ երթևեկելի վիճակում է։ Խցանումներ չեն առաջացել։ Երեկվանից «Սպայկա» ընկերության մեկ մեքենա է միայն ճանապարհին կանգնած։ Պատճառն այն է, որ անվադողերը ձմեռային չեն։ Վարորդն իր կազմակերպությանն արդեն տեղեկացրել է և սպասում է, որ նրանք գան, օգնեն»,- ասաց Գ. Վասիլյանը։
Նա հավաստիացրեց նաև, որ իրենց սպասարկման մյուս տեղամասերում ևս՝ Դիլիջանից մինչև Իջևան հատվածում, խնդիրներ չեն առաջացել։ «Ճանապարհը բաց է։ Առավոտից աղ ու ավազ ենք շաղ տվել, հիմա արդեն՝ մաքրում ենք»,- նշեց նա։