Տարոն Մարգարյանը և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչները քննարկել են թափառող կենդանիների խնդիրները
SocietyԹափառող կենդանիների խնդիրների կարգավորման ուղղությամբ իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս հարցում Երևանի քաղաքապետարանը կարևորում է միջազգային փորձի կիրառումն ու խնդրի կարգավորման ուղղությամբ համալիր ծրագրերի իրականացումը:
«Թափառող կենդանիների խնդրի կարգավորման ուղղությամբ վերջին տարիներին մայրաքաղաքում զգալի աշխատանքներ են իրականացվել, սակայն դրանք դեռևս չենք կարող գոհացուցիչ համարել: Խնդիրն իսկապես արդիական է Երևանի համար, և մենք կարևորում ենք այս հարցում միջազգային կառույցների հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Ըստ այդմ, շատ կարևոր է նաև տեղի հասարակական կազմակերպությունների ակտիվությունը, որոնք անմիջականորեն համագործակցում են միջազգային կազմակերպությունների հետ: Քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է լսելու ցանկացած առաջարկություն և իր լիազորությունների շրջանակում գործուն աջակցություն ցուցաբերելու այդ ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է քաղաքապետը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Կենդանաբույժների համաշխարհային ծառայության միջազգային բաժնի պետ Դագմար Մայերն, առանձնակի կարևորելով Երևանի քաղաքապետի համագործակցության պատրաստակամությունն ու խնդրի կարգավորման հարցում մոտեցումները, վստահեցրել է, որ իրենց կազմակերպությունն առաջիկայում կներկայացնի համագործակցության որոշակի առաջար կներ:
«Թափառող կենդանիների խնդրի կարգավորման հարցում համագործակցության Ձեր պատրաստակամությունն իսկապես կարևոր է մեզ համար, և համոզված եմ, պարոն քաղաքապետ, որ մեր գործակցության շնորհիվ մենք կկարողանանք Երևանում ներդնել միջազգային փորձն ու առավել արդյունավետ դարձնել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները»,- նշել է Դագմար Մայերը: