Կարող է կազմակերպվել «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոն
CultureԵրևանում հաջորդ տարի հնարավոր է անցկացվի «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը:
Այս մասին նշեց Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն և մեծանուն կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու կին Էլժբետա Պենդերեցկան:
«Սոնա Հովհաննիսյանը, ով երկու տարի առաջ կազմակերպել է «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը, երեկվա համերգից հետո տեղեկացրեց, որ ուզում է հաջորդ տարի նման փառատոն կազմակերպել: Սա դեռ հստակ չէ:
Բայց հստակ է, որ Սերգեյ Սմբատյանը իմ ամուսնու ամենակարևոր ստեղծագործություններից` «Երուսաղեմի յոթ դարպասները» («Seven Gates of Jerusalem») այս տարի ուզում է ներկայացնել Հայաստանում: Այն գրվել է Երուսաղեմի 3000-ամյակի առթիվ: Բայց դեռ չգիտենք, թե երբ կլինի»,- փոխանցմամբ` նշեց Էլժբետա Պենդերեցկան: Արամ Խաչատրյանի անվան մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամը տեղեկացրեց, որ հույս ունի այս տարի էլ մասնակցել մրցույթին:
«Հնարավոր է` մեկնարկին դժվարանամ հասցնել, բայց փակմանը շատ կցանկանայի Հայաստան գալ: Ցավոք, իմ ամուսինը զբաղված է, բայց ինչ արած»,- շեշտեց նա: «Պենդերեցկու օրերը Հայաստանում» միջոցառումների շարքը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 13-17-ը: Այն կազմակերպել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը: Հայ հանդիսատեսին ներկայացվել են լեհ կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները: Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականին:
Հայտնի է, որ նրա նախնիները եղել են լեհեր, ուկրաինացիներ, գերմանացիներ և հայեր: Հայաստան այցի ժամանակ նա հայտարարել է, որ երջանիկ է վերադառնալ տուն: Քշիշտոֆ Պենդերեցկին երեք անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի:
Բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է: Պատվավոր դոկտորի և պրոֆեսորի կոչումներ է ստացել բազմաթիվ հաստատություններից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2013-ի նոյեմբերին Քշիշտոֆ Պենդերեցկին հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: