Երիտասարդական նվագախումբը նշեց հոբելյանը
CultureՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը տոնեց ստեղծման հոբելյանը: 10-ամյակի առթիվ կազմակերպված համերգին հունվարի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մասնակցեցին բազմաթիվ երաժիշտներ, երաժշտասերներ: Տոնական երեկոն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլ պաշտոնատար անձինք, դեսպաններ, հյուրեր:
Չորս ժամ տևողությամբ համերգ-երեկոն յուրահատուկ հաշվետվություն էր, որի ընթացքում ելույթ ունեցան մեծանուն դիրիժոր ու կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը, Աստղիկ Սիրանոսյանը, ջութակահարներ Հայկ Կազազյանը, Յուկա Ցուբոյը, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ Ներկայացվեցին Մոցարտի, Ռախմանինովի, Չայկովսկու, Շչեդրինի, Պիացոլայի, Պիովանիի Խաչատրյանի, Պենդերեցկու, Հարությունյանի ստեղծագործությունները:
«Սա իմ ընտանիքն է: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել: Նրանք իսկական երաժիշտներ են, ովքեր նվագում են ամբողջ սրտով: Եվ նվագել նման երաժիշտների հետ ինձ համար մեծ երջանկություն է»,- նշեց դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին:
Ճանաչված թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ով համերգի ընթացքում առանձնացավ ինքնատիպ կատարումներով և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով, նշեց, որ Երիտասարդական նվագախմբում մեկտեղվում են բարձր ստեղծագործական կարողությունները և ջերմ, ուրախ մթնոլորտը:
«Ամեն անգամ նվագախմբի հետ համագործակցելն ինձ համար աշխատանք չէ, այլ` հաճույք: Շատ հաճելի է, երբ տեսնում եմ, թե իմ հասակակիցները կայծակներն աչքերում ինչպե~ս են նվագում: Ուզում եմ շնորհավորել ձեր ծննդյան տարեդարձը և մաղթել երկար, ուրախ, երջանիկ, արդյունավետ ստեղծագործական տարիներ»,-նշեց Նարեկ Հախնազարյանը:
Բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ամեն անգամ Հայաստան գալիս մեծ հաճույք է ստանում:
«Չեմ կարող մոռանալ, որ առաջին անգամ այստեղ եկա Տոնինո Գուերայի հետ: Ամեն անգամ մեծագույն հաճույք եմ ապրում այս նվագախմբի հետ աշխատելիս: Սա երիտասարդական նվագախումբ չէ. նրանք արդեն իսկ հասուն երաժիշտներ են»,-նշեց նա:
«Արամ Խաչատրյան» համերգասրահի դահլիճում տեղադրված հատուկ էկրանից նվագախմբին շնորհավորանքներ էին հղում մշակույթի հայտնի ներկայացուցիչները: Զուգահեռաբար ներկայացվում էին Երիտասարդական նվագախմբի նախորդ տարիների համերգներից հատվածներ:
Անակնկալով հանդես եկավ Ամենայն հայոց մաեստրո Հովհաննես Չեքիջյանը.նրա ղեկավարած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարեց «Happy birthday to you»-ն: Մշակույթի նախարարությունն էլ նվագախմբի 14 անդամների պարգևատրեց ոսկե մեդալներով: Համերգի ավարտին հանդիսատեսը մեծ ոգևորությամբ և անվերջ ծափահարություններով ճանապարհեց երաժիշտներին: