Հայաստանը միացել է ստարտափերի եվրոպական շաբաթին. միջոցառումը կկայանա փետրվարի 5-ին
SocietyՀայաստանը միացել է Startup Europe Week 2016 նախաձեռնությանը, որը տեղի է ունենում փետրվարի 1-5-ը ավելի քան 340 եվրոպական քաղաքներում: Ինչպես տեղեկացրին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, Startup Europe Week 2016-ը Եվրոպական հանձնաժողովի Startup Europe նախաձեռնության ներկայացումն է, որի նպատակն է համախմբված ներկայացնել այն բոլոր միջոցառումներն ու հնարավոր աջակցման տարբերակները, որոնք իրականացվում են սթարթափ ընկերությունների օժանդակության համար: Սա Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռներեցների և սկսնակ գործարարների համար բավական արդյունավետ և լայնածավալ նախաձեռնություն է՝ ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ երկրում սթարթափ էկոհամակարգի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանը նույնպես միացել է Startup Europe Week 2016 միջոցառմանը և հանդիսանում է տարածաշրջանի միակ ներկայացուցիչը:
Startup Europe Week 2016 Armenia-ն տեղի կունենա փետրվարի 5-ին` 10։30-15։30-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի սթարթափ էկոհամակարգի հիմնական դերակատարում ունեցող ներկայացուցիչները: Միջոցառման թեմաներն են՝ Startup Europe և այլ եվրոպական նախաձեռնություններ, սոցիալական ձեռներեցություն, տեխնոլոգիական սթարթափների աքսելերացիա, առկա ֆինանսավորման միջոցներ, պետական աջակցություն:
Startup Europe Week 2016 Armenia-ի նպատակն է, համախմբելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, նպաստել և աջակցել Հայաստանում ձևավորվող սթարթափ միջավայրի զարգացմանը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը շոշափում են ՏՏ ոլորտի զարգացման յուրաքանչյուր կարևորագույն ոլորտ: ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, IBM Նորարարլուծումների և տեխնոլոգիաներիկենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիան (ANEL), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և այլն: