Միջազգային կրթություն ստանալու հնարավորություն հայ աշակերտների համար
SocietyՀայաստանում միակ նախագիծը հանրակրթական դպրոցների աշակերտների համար իրականացվում է 2006-ից «Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնի և Թաիլանդի «Ռիջենթս» միջազգային դպրոցի միջև կնքված պայմանագրի համաձայն։ «Ռիջենթս» միջազգային դպրոցի կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագիրը դպրոցականների համար է, որին կարող են մասնակցել 13-17 տարեկան բոլոր այն աշակերտները, ովքեր ցանկանում են շարունակել իրենց ուսումն արտերկրում և ընդունվել աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Օրերս Հայաստան էր ժամանել Թաիլանդի «Ռեջենթս» միջազգային դպրոցի տնօրեն Փիթեր Հոգանը, ով հունվարի 25-ին կայացած ասուլիսի ընթացքում ներկայացրեց ծրագրի մանրամասները, մասնակցության պայմանները ու շրջանավարտներին տրվող հնարավորություններն ուսումն աշխարհի առաջատար բուհերում շարունակելու համար։

Ծրագրի հեղինակները նշեցին, որ 2006թ. առ այսօր իրականացվող ծրագրի շրջանակում արդեն իսկ ավելի քան 120 հայ աշակերտ է ուսանել և շարունակում է ուսանել այս դպրոցում: Դպրոցի տնօրենը հատուկ կերպով նշեց, որ հայ աշակերտներն աչքի են ընկնում իրենց բարձր առաջադիմությամբ և հաջողություններով: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնակցել ծրագրին, պետք է հանձնեն քննություն մաթեմատիկայից և անգլերեն լեզվից, ապա հարցազրույց անցնեն դպրոցի տնօրենի մոտ: Ի դեպ, ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանել դպրոցում 20-100% կրթաթոշակով: Իսկ «Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Աննա Հարությունյանը նշեց, որ դպրոցում գերազանց առաջադիմություն ցուցաբերող կամ օլիմպիադայում հաղթած երեխաներն ունեն անվճար սովորելու հնարավորություն։