ՄԻՊ առաջին պաշտպանը՝ բանակում տիրող վիճակի ու նոր ինստիտուտի ներդրման մասին
SocietyՀայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ Orer.am-ի հետ զրույցի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, խոսելով բանակում տիրող ձեռքբերումների ու բացթողումների մասին, նշեց, որ 2016 թվականը մեզ համար բավական կարեւոր տարի է՝ մենք բավական կարեւոր փուլ ենք թեւակոխում:
«Ուղիղ մեկ տարի հետո կլրանա մեր բանակի 25 տարին: Խոսելով բանակի մասին՝ ես նախեւառաջ կցանկանամ, որ Աստված պահապան լինի մեր բանակին ու ամեն մի զինվորի: Կցանկանամ, որ թշնամու գնդակը միշտ հեռու մնա մեր զինվորներից: Բայց, որ ամենակարեւորն է, ես՝ որպես անձ, ով մշտապես ցանկանում է տեսնել զարգացում սեփական երկրում ու դրա տարբեր ոլորտներում, կուզեի, որ մեր բանակում այլեւս չլինեին այն բացասական երեւույթները, որոնք տարեցտարի գնալով նվազում են»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Բարձրաձայնելով խնդիրների մասին՝ ՄԻՊ առաջին պաշտպանը խոսեց հայոց բանակում մի կարեւոր ինստիտուտի ներդրման գաղափարի մասին. «Կա մի խնդիր, որին կուզեի, որ այս տարի եւս մեր բանակն անդրադառնար: Ժամանակին քննարկվում էր բանակի օմբուդսմենի հարցը: Ես կցանկանայի, որ բացի այն երկու խորհուրդներից, որոնք գոյություն ունեն, ամեն դեպքում լիներ այդպիսի մի պաշտոն՝ օմբուդսմենի անվան տակ, որը, ըստ իս, կնպաստեր ավելի ու ավելի դրական մթնոլորտի ու ավելի մեծ վստահության աճին առ մեր բանակը»,- ասաց նա:
Իսկ որդեկորույս մայրերին տիկին Ալավերդյանը խորհուրդ տվեց քայլել հպարտ, քանզի նրանց որդիները զոհվել են հանուն սեփական հայրենիքի: «Բոլորիս է հայտնի, որ Հայոց բանակն ամենակայացած հաստատությունն է: Բոլոր որդեկորույս ծնողներին կխնդրեի գլուխները բարձր պահել, որովհետեւ իրենց զավակների կյանքը տրվել է բավական բարձր առաքելության համար»,- խոսքը եզրափակեց նա:
Սոսե Չանդոյան