NEMRA Արմենների նոր տեսահոլովակը
Lifestyle2012 թ. ձևավորված NEMRA ռոք խումբն առաջին անգամ հանդիսատեսին նեկայացավ «Ստոպ» ակումբում և առաջին իսկ ելույթից գրավեց ռոքի սիրահարներին:
Հետագայում, մասնակցելով տարբեր փառատոնների, գնալով ավելի ճանաչում ձեռք բերեց, արդյունքում զգալիորեն ավելացավ խմբի երկրպագուների բանակը: 2015-ի հուլիսի 11-ին խումբն առաջին անգամ Հայաստանը ներկայացրեց Բուրիաթիայի Voice of The Nomads ամենամյա միջազգային փառատոնում, որի ժամանակ խումբն այնքան ջերմ ընդունելության արժանացավ, որ մեկժամյա ելույթն ընդամենը մեկ լուսավոր ակնթարթ թվաց խմբի անդամների համար:
«Ամենահետաքրքրականն այն էր, որ Բուրիաթիայի հանդիսատեսը ծանոթ էր մեր երգերին, ինչը ոչ միայն զարմանալի էր, այլև շատ հաճելի: Մեկ ժամ տևած ելույթն այնքան ջերմ էր, որ հանդիսատեսի հետ սկսեցինք միասին երգել: Փառատոնից ստացած էմոցիաները նոր լիցք հաղորդեցին մեզ, ինչը հետագայում դարձավ նոր ստեղծագործություններ գրելու հիմք»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց խմբի վոկալիստ, կիթառահար, հիմնական երգերի հեղինակ՝ Վան Եղիազարյանը:
NEMRA ռոք խումբը հիմնականում ելույթներ է ունենում փաբերում և կատարում են բացառապես սեփական ստեղծագործությունները: Արդեն ունեն երեք տեսահոլովակ, որոնք նկարահանվում են իրենց սուղ միջոցների հաշվին: Բացի այդ, աշխատանքներ են տարվում առաջին ալբոմը ձայնագրելու ուղղությամբ, որտեղ ներկայացված են լինելու իրենց 11 ստեղծագործությունները:
«Ապագայում պլաններ ունենք համերգներով հանդես գալ արտերկրում: Սակայն այժմ զբաղված ենք մեր ալբոմի ձայնագրման աշխատանքներով և տեսահոլովակներ նկարահանելով»,- ասում է խմբի ստեղնաշարային գործիքներ նվագող և բեք վոկալիստ՝ Մարիաննա Կարակեյանը:
Վանի եղբայրը՝ Վասպուր Եղիազարյանը, ով խմբի բաս կիթառահարն ու բեք-վոկալիստն է, ասում է, որ խմբի անունը՝ NEMRA-ն, Արմեն անվան հակադարձված տարբերակն է. «Արմեն էինք ցանկանում խումբն անվանել, ի պատիվ հայկական լեռնաշխարհի հայալեզու ՝ մեր նախապապերը հանդիսացող ցեղախմբի՝ արմենների, բայց Մարիաննան առաջարկեց այն հակառակ կողմից գրել, ինչը և նորություն էր և իմաստավորված: Այդպես, որոշեցինք խումբն անվանել NEMRA»:
Ռոք խմբի երիտասարդ երաժիշտները, չնայած սկզբնական շրջանում բավականին դժվարություններ են հաղթահարել, բայց սեփական ուժերին ապավինելով և սիրած գործի հանդեպ ցուցաբերած մեծ նվիրումի շնորհիվ՝ բավականին կարճ ժամանակահատվածում շոշափելի արդյուքների են հասել: Սիրում են ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող ռոք երաժիշտներին, այնպես էլ հայկական խմբերին, բայց ամենակարևորը նրանց համար այն է, որ կարողացել են ստեղծել սեփական NEMRA մոլորակը, որտեղ ամեն նոր բան ծնունդ է առնում անսահման անկեղծության շնորհիվ:
«Մեր առանձնահատկությունը մեր ստեղծած NEMRA մոլորակն է, ուր տեղափոխում ենք մարդկանց մեր երգերի միջոցով: Կուզենայի առանձնահատկություններից նշել անկեղծությունը թե՛ բեմի վրա, թե´ երգերը ստեղծագործելիս, սակայն չենք փորձում ճիգեր գործադրել ինչ-որ մեկից ինչ- որ բանով տարբերվելու համար, այլ անում ենք այն, ինչ մեզ դուր է գալիս»,- ասում է Վանը:
Խմբի վերջին տեսահոլովակը Train of Despair երգի հիման վրա է նկարահանվել, որը գրել է Մարիաննան: Տեսահոլովակի ռեժիսորն է Ինա Աբրահամյանը: Այն հուսահատության մասին է ու չնայած երգի սկիզբը մռայլ է, բայց վերջում լուսավոր ավարտ է ունենում: Տեսահոլովակը նկարելիս Ինան ըմբռնել է երգի տրամադրությունը և կարողացել է ընտրել համապատասխան գունային գամմա և սիմվոլների միջոցով կարողացել է ներկայացրել մարդու ենթագիտակցականի և իրականության կապը:
Ներկայացնում ենք խմբի վերջին տեսահոլովակը և NEMRA-ին մաղթում նորանոր ձեռքբերումներ:
Արմինե Գրիգորյան