Հյուրանոցների որակավորում ստանալու փաստաթղթերի ներկայացման գործընթացը դյուրացվում է
SocietyՀայաստանի Հանրապետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում ստանալու նպատակով փաստաթղթերի ներկայացման գործընթացը դյուրացվում է: Այդ նպատակով` ՀՀ կառավարությունը հունվարի 29-ի իր նիստում փոփոխություններ և լրացում կկատարեց իր նախորդ որոշումներից մեկում: Այդպիսով, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի, հնարավորություն կտրվի փաստաթղթերը ներկայացնել «www.e-gov.am»-ի միջոցով և փաստաթղթերը ստորագրել էլեկտրոնային եղանակով:
Որակավորման կարգ ստանալու գործընթացը ներկայումս իրականացվում է թղթային և էլեկտրոնային եղանակով: Որոշմամբ էլեկտրոնային եղանակով հայտ ներկայացնելու համար հայտատուն «secretariat@mineconomy.am» էլեկտրոնային հասցեի միջոցով ներկայացնելու է անհրաժեշտ փաստաթղթերն առանց թվային էլեկտրոնային ստորագրության:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` էլեկտրոնային կառավարման ձևավորման նպատակով կառավարությունը խիստ կարևորում է գործադիրի հետ քաղաքացիների և մասնավոր հատվածի ազատ և թափանցիկ էլեկտրոնային փոխշփումների ու փոխադարձ կապի ապահովումը:
«Արդյունքում կապահովվի էլեկտրոնային կառավարման համակարգի հիմնական բաղադրիչների (տեղեկատվական շտեմարաններ, կառավարման տեղեկատվական համակարգեր, կայքէջեր և պորտալներ, տեղեկատվության հաղորդակցական ենթակառուցվածք, իրավական համակարգ, անվտանգության համակարգ, ստանդարտներ, միասնական անվտանգ նույնականացման համակարգ, էլեկտրոնային ստորագրություն) ներդաշնակ աշխատանքը։ Նախագծի մշակման հիմնական նպատակներն են` բարելավել հանրային ծառայությունների մատուցումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և դարձնել այն հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար, ապահովել ՀՀ-ում յուրաքանչյուրի համար էլեկտրոնային ծառայությունների հասանելիությունը, ներդնել «www.e-gov.am» միասնական էլեկտրոնային համակարգ և թույլ տալ մուտք գործել համակարգ շուրջօրյա»,- ասված է հիմնավորման մեջ: