Վարդապետին նվիրված «Կոմիտաս» փառատոնը կընդլայնի ձևաչափը և կներառի միջազգային գիտաժողով
CultureՎարդապետին նվիրված «Կոմիտաս» փառատոնի ընթացքում այս տարի կանցկացվի նաև միջազգային գիտաժողով:Այս մասին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ զրույցում նշեց «Կոմիտաս» փառատոնի գեղարվեստական ղեկավար, թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի ղեկավար Մհեր Նավոյանը:
«Նախնական համաձայնություն առնվազն երեք օտարազգի գիտնականից ունենք, ովքեր այս կամ այն չափով զբաղվում են հայ երաժշտությամբ և Կոմիտասով: Երբ դեռ չկար թանգարան-ինստիտուտը, փառատոնն առաջին տարին նվիրված էր սոսկ Կոմիտասյան ժառանգությանը. անցյալ տարի այն ներառեց Կոմիտասի և հայ կոմպոզիտորական արվեստի նմուշները: Այս տարի փառատոնը կընդլայնի իր շրջանակները` կներկայացվեն Կոմիտասի, հայ կոմպոզիտորական արվեստի և Կոմիտասի ժամանակակակիցների գործերը»,- նշեց Մհեր Նավոյանը` հավելելով, որ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը:
2015 թվականի սեպտեմբերի 26-ին`Կոմիտասի ծննդյան օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Կոմիտաս» փառատոնը: Փառատոնի մեկնարկին ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն`Ամենայն հայոց մաեստրո Հովհաննես Չեքիջյան ղեկավարությամբ: Նրանք ներկայացրին Կոմիտասի «Պատարագ»-ը:
Փառատոնի նախաձեռնողներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը և Կոմիտաս թանգարան-ինստիտուտը: Իրադարձությանը մասնակցում էին Հայաստանի պետական ազգային ակադեմիական, «Հովեր», Երևանի պետական կամերային երգչախմբերը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, ինչպես նաև այլ մեներգիչներ: