Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` «Ժառանգություն» կուսակցության ներսում տարաձայնությունները սրվում են: «Իրավունք» թերթի աղբյուրի փոխանցմամբ` «Ժառանգությունը» նույնպես մտադիր է լքել «եռյակը», սակայն ժամկետի և կտրուկ քայլերի հարցում ժառանգականներն համաձայնության չեն գալիս: Թե իրականում «եռյակը» լքելու մտադրություն ունի «Ժառանգությունը» և արդյոք կան տարաձայնություններ կուսակցության ներսում այդ հարցի հետ կապված, Orer.am-ը զրուցեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Տարաձայնությունների և «եռյակը» լքելու վերաբերյալ հարցին Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.«Ժառանգությունում» արշալույսները խաղաղ են»: Հարցին, թե ինչ ազդեցություն կունենա «քառյակից» ՀՅԴ-ի հեռացումը հանրահավաքի վրա Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.«Բնականաբար դրական ազդեցություն ունենալ չի կարող, սակայն եթե քաղաքացիները կողմ են փոփոխությունների այնուամենայնիվ կմասնակցեն հանրահավաքին»: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը նաև հույս հայտնեց, որ մինչև հանրահավաքը ՀՅԴ-ն կվերանայի իր որոոշումը: