Բիզնեսի ամենամեծ հնարավորություններով 11 քաղաքն աշխարհում (լուսանկարներ)
LifestyleԲազմազգ մասնագիտական ծառայություններ մատուցող PricewaterhouseCoopers (PwC) ցանցը նոր համապարփակ վարկանշային աղյուսակ է ներկայացրել, որում ընդգրկվել է աշխարհի 30 քաղաք, որոնք այնտեղ բնակվող մարդկանց և բիզնեսի համար լայն հնարավորություններ են առաջարկում:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` PwC-ի «Հնարավորությունների քաղաքներ» զեկույցի 6-րդ հրատարակությունը վարկանշային աղյուսակ է ներկայացնում` հիմնված ինտելեկտուալ կապիտալի, նորարարությունների, տեխնոլոգիական զարգացածության, աշխարհի մյուս մասին հասանելի լինելու, տրանսպորտի և ենթակառուցվածքների, առողջապահության, անվտանգության և կայունության, ինպես նաև` տնտեսական հնարավորությունների ու ազդեցության, բիզնեսի աճի և արժեքի չափանիշների վրա:
Ստորև ներկայացնում ենք առաջին 11 քաղաքը, որոնք հայտնվել են վարկանշային աղյուսակում:
1. Լոնդոն
Լոնդոնն առաջինն է տեխնոլոգիական պատրաստվածությամբ և տնտեսական ազդեցությամբ: Բրիտանիայի մայրաքաղաքը նախորդ տարվա 8-րդ հորիզոնականից տեխնիկական հնարավորությունների առումով բարձրացել է առաջին տեղ:

2. Նյու Յորք
Նյու Յուրք Սիթին առաջին տեղում չի հայտնվել որևէ ցուցանիշով, այն մեծ ճանաչում է վայելում արտասահմանում. «Մեծ խնձորի» քաղաքը երկրորդն է ամենից շատ այցելելու ցանկությունների առումով և երրորդը` բիզնեսի տեսանկյունից:

3. Սինգապուր
Այս ինքնիշխան քաղաք-պետությունը առաջին եռյակում է տրանսպորտի ու ենթակառուցվածքների և բիզնեսի ծավալման առումով:

4. Տորոնտո
Չնայած Տորոնտոյի տխրահռչակ քաղաքապետի` այն կյանքի հիանալի որակներով քաղաքի հեղինակություն ունի անվտանգության, առողջապահության և տրանսպորտի տեսանկյունից:

5. Սան Ֆրանցիսկո
Այս քաղաքը առաջատարների շարքում է ինտելեկտուալ կապիտալի և նորարարությունների առումով:

6. Փարիզ
Փարիզը բարձր է գնահատվում իր գրադարանների, հարգված համալսարանների և կրթության բարձր մակարդակի համար` առաջինը համարվելով ինտելեկտուալ կապիտալի և նորարարությունների առումով:

7. Ստոկհոլմ
Ստոկհոլմը Եվրոպայի ամենաարագ զարգացող քաղաքներից է` ինովացիոն և բիզնեսի տեսանկյունից:

8. Հոնկոնգ
Չնայած բնակչության անհավանական խտությանը` Հոնկոնգ քաղաք-պետությունը բարձր է գնահատվում կյանքի որակի համար և կյանքի տևողությամբ հինգերորդն է աշխարհում:

9. Սիդնեյ
Սիդնեյի առավելություններն են` անհավանական եղանակը, գեղեցիկ լողափերի առատությունը և աշխատանքի ու կյանքի հավասարակշռությունը:

10. Չիկագո
Քամիների քաղաքը` 3 մլն բնակչությամբ, Ամերիկայի ամենամեծ քաղաքներից է և արժանացել է PwC-ի բարձր գնահատականին կյանքի որակի և օդի մաքրության համար:

11. Բեռլին
Գերմանիայի այս գեղարվեստական կենտրոնը բարձր է գնահատվում հանրային տրանսպորտի, առողջապահության, անվտանգության և ապահովության տեսանկյունից:
