Լավագույն զգացմունքային քանդակները (լուսանկարներ)
LifestyleՍերն ամփոփված քարի մեջ: Ձեզ ենք ներկայացնում այն կրքոտ ու նուրբ քանդակների ընտրանին, որոնցից յուրաքանչյուրը պատմում է իր սեփական սիրո պատմությունը:
Մարի Մեդիչիի շատրվանը
Մարի Մեդիչիի շատրվանը համարվում է Փարիզի ամենառոմանտիկ վայրերից մեկը: Կենտրոնական դեմքերը երիտասարդ սիրահարներ Աքիսն ու Գալատեան են: Ըստ լեգենդի` ցիկլոպ Պոլիֆեմը սիրահարված էր գեղեցիկ Գալատեային, սակայն նա մերժվել էր: Այդ ժամանակ կատաղած Պոլիֆեմը ժայռով ջախջախում է Աքիսին: Սակայն Գալատեան կարողանում է իր դժբախտ սիրեցյալին թափանցիկ գետակ դարձնել: Շատրվանը պատկերում է սիրահարներին` աղետի պահից առաջ:

Ամուր եւ Պսիխեա
Սա XVIII դարի վերջերի վարպետ Անտոնիո Կանովոյի ամենահայտնի քանդակներից մեկն է: Կանովոն ոգեշնչված էր մեծ սիրո պատմությամբ. դժբախտ սիրահարները հազիվ են խուսափում կործանումից: Վեներան հրամայում է Պսիխեային գեղեցկության սրվակով իջնել ստորգետնյա թագավորություն` արգելելով նրան նայել երկնքին: Ամուրի սիրելին խախտում է արգելքը, բացում է կափարիչը եւ ընկնում կախարդական քնի մեջ: Եվ միայն Ամուրի համբույրն է Պսիխեային կյանք վերադարձնում:
Հենց այս պահն է քանդակագործը պատկերել մարմարի վրա:

Վեներա եւ Ադոնիս
Աստվածուհին սիրահարվել էր գեղեցիկ որսորդին, իսկ նրա սիրեկան Մարսը բարկացել էր ու վերածվելով վայրի վարազի` որսի ժամանակ սպանել Ադոնիսին: Վեներան անմխիթար էր, եւ դրանից հետո երկար բանավեճերի արդյունքում որոշվել էր, որ երիտասարդը վեց ամիս պիտի անցկացնի մեռյալների թագավորությունում, իսկ հաջորդ վեց ամիսն իր սիրեցյալի հետ:

Պրոզերպինի առեւանգումը
Այս մարմարե արձանը Ջովանի Լորենցո Բերնինին սկսել է կերտել 1621 թվականին, երբ նա ընդամենը 23 տարեկան էր: Նա անմահացրել է այն պահը, երբ ստորգետնյա թագավորության աստվածը միայն մի պահով է հայտնվում երկրի երեսին, որպեսզի առեւանգի Ցերերի երիտասարդ դստերը: Քանդակը ճանաչվել է որպես էքսպրեսիա, քանզի նայելով մարմարե արձանին՝ ակամա մոռանում ես, որ այն արձան է:

Համբույր
Օգյուստ Ռոդենի հայտնի «Համբույրը» քանդակը սկզբում «Ֆրանչեսկա դե Ռիմինի» է կոչվել` ի պատիվ արձանում պատկերված իտալացի հայտնի տիկնոջ, որի անունը անմահացել է Դանթեի «Աստվածային կատակերգության» մեջ: Տիկինը սիրահարվում է Ջովաննի Մալատեստայի կրտսեր եղբորը` Պաոլոյին: Քանդակում երեւում է, թե ինչպես է Պաոլոն ձեռքում պահում գիրքը: Բայց իրականում սիրահարները չեն հպվել միմյանց շուրթերով՝ կարծես ակնարկելով այն փաստը, որ նրանք սպանվել են նախքան մեղք գործելը:

Հավերժական կուռքը
Ռոդենի այս աշխատանքը եւս զգայական է ու դրամատիկ` ոգեշնչված քանդակագործի եւ իր երիտասարդ աշակերտուհի Կամիլ Կլոդելի անձնական հարաբերություններից: Տղամարդն աղջկա առջեւ ծնկի է եկած` չհամարձակվելով նայել նրա աչքերին: Դեռ մի պահ առաջ աղջիկը գրկել էր նրան, բայց արդեն հեռացնում է իր ձեռքերը: Նրանց աչքերը փակ են, նրանք չեն տեսնում ապագան:

Հավերժ միասին
Այս քանդակը Միլանի Մոնումենտալ գերեզմանատան տապանաքարերից մեկն է: Քաղաքի բնակիչները նախօրոք գնում էին թաղման վայրերը եւ քանդակագործներին ու ճարտարապետներին տապանաքարերի կամ դամբարանների համար նախագծեր պատվիրում` կախված ճաշակից, փողի քանակից եւ նորաձեւության միտումներից: Անհայտ հեղինակի աշխատանքն ընտանեկան դամբարանի համար ներկայացնում է մի զույգ, որին չի կարող բաժանել նույնիսկ մահը: Նրանց աչքերը փակ են, բայց գրկախառնությունը` առաջվա նման նուրբ:
