Կառավարությունը 2016-ին իրականացնելու է ջրամբարաշինության խոշոր ծրագրեր
EconomicsՀայաստանի կառավարությունը 2016 թվականին կիրականացնի ջրամբարաշինության և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր:
Այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումն ընդգրկված է կառավարության ընթ ացիկ տարվա գերակա ծրագրերի թվում:
Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Վեդիի, Կապսի, Եղվարդի և Մաստարայի ջրամբարների կառուցման աշխատանքներ: Արդեն հայտնի է, որ Ֆրանսիայի զարգացման գործակալությունը Վեդու ջրամբարի ֆինանսնավորման նպատակով հատկացնելու է 75 մլն եվրոյի վարկ:
Ըստ կառավարության, նոր ջրամբարների շինարարության և առկա ենթակառուցվածքների արդիականացումը ջրային տնտեսության ոլորտում կենսական նշանակություն ունի` կապված ջրային ռեսուրսների կուտակման, արդյունավետ բաշխման, ինչպես նաև համակարգի ընդհանուր շահագործման հետ: Ջրամբարների և առկա ենթակառուցվածքների արդիականացման նպատակով անհրաժեշտ է համապատասխան դոնոր կազմակերպությունների հետ վարել բանակցություններ` նոր ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ:
Ջրամբարաշինության միջոցով հնարավորություն կստեղծվի ապահովելու ոռոգման համակարգերի սպասարկման տարածքում ընդգրկված և լրացուցիչ ոռոգելի հողերի ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի քանակը: Նշված գերակա խնդրի լուծումը միաժամանակ անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի ջրային համակարգերի օգտագործման արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման համար: