Սպորտով ինտենսիվ զբաղվելը չի նպաստում նիհարելուն
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
ԱՄՆ-ի մասնագետները պնդում են, որ ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չի նպաստում արագ նիհարելուն ՝ մարդու օրգանիզմի ադապտացվելու պատճառով։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Current Biology գիտական ամսագրում։
Բժիշկները բացահայտել են, որ միջին ֆիզիկական ակտիվությունը օրական այրում է 200 կիլոկալորիա։ Ընդ որում ավելի բարձր ֆիզիկական ակտիվությունը այդ ցուցանիշները չի ավելացնում։
Հետազոտության շրջանակներում գիտնականները հետազոտել են 25-45 տարեկան 332 մարդու։ Ուսումնասիրությունները անցկացվել են մոլորակի տարբեր հատվածներում ապրող մարդկանց նկատմամբ։
Գիտնականները բացահայտել են, որ Տանզանիայում ապրող Հադզա ցեղի որսորդները, որոնք վարում են շատ ակտիվ կյանք, միջինում այրում են նույնքան կալորիա, որքան ԱՄՆ-ում և Եվրոպայում բնակվող անձինք։
Այսպիսով նրանք եկել են այն եզրակացության, որ ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չի արագացնում կալորիաները այրելու գործընթացը։ Դա բացատրվում է նրանով, որ օրգանիզմը ադապտացվում է նյութափոխանակության նոր պայմաններին։
Բժիշկները պնդում են, որ նիհարելու համար պետք է կոմպլեքս մոտեցում, որը կներառի սպորտը, դիետաները և լիարժեք քունը։