«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենն առանց օգնականի մնաց
AnalysisՉար լեզուներն ասում են, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի նյարդերն էլ չեն դիմացել: Հակառակ դեպքում նա երեք ամիս անց չէր մակագրի Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի դիմումը, քանի որ վերջինը, ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի, այս ընթացքում բավականին լավ է աշխատել: Ի դեպ, որպես լավ աշխատելու փաստարկ տնօրենը նշում է ամեն օր աշխատանքի ներկայանալը և տեղի երիտասարդների հետ շփվելը:
Եթե դրանք են «լավ աշխատելու» մասին հիմնավորումները, ապա հիշեցնենք, որ ամեն օր աշխատանքի գնալը ոչ թե լավ աշխատելու նշան է, այլ ընդամենը պարտականություն, էլ չենք ասում, որ ֆիզիկապես ներկա գտնվելը և այս կամ այն աթոռին նստած լինելը դեռ չի կարող լավ աշխատելու համար փաստարկ հանդիսանալ: Այն, որ առաջին օրից էլ պարզ էր, որ Տ. Խաչատրյանը այդ պաշտոնին նշանակվել էր ոչ թե գումար վաստակելու, բուհում ստացած իր գիտելիքն իրացնելու կամ հայոց անտառտնտեսության ղեկավարման հարցում բեկումնային նորարարական առաջարկներ անելու համար, այլ ամենաշատը կուլտուրական միջավայրում աշխատող մարդկանց հետ շփվելու և հաղորդկացման կանոններին մոտիկից ծանոթանալու համար:
Հակառակ դեպքում այդ պաշտոնին կնշանակվեր բուհը կարմիր դիպլոմով ավարտած, դրսերում վերապատրաստված և ՀՀԿ-ի բարձր հովանավորությունը վայելող նորաթուխ ՀՀԿ-ական, քանի որ հայոց անտառներում կուտակված խնդիրներն այնքան շատ են, որ դրանք երկարատև և քրտնաջան աշխատանք են պահանջում, այն էլ Հայաստանին սպառնացող անապատացման ֆոնին: Իսկ թե ինչու անպայման ՀՀԿ-ական, պատասխանը պարզ է. ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ նրանք:
Բայց, արի ու տես, որ ընդամենը երեք ամիս անց Տ. Խաչատրյանը հոգնել է թե՛ ամեն օր կանոնավոր աշխատանքի ներկայանալուց և թե՛ ոլորտի մարդկանց հետ շփվելուց ու իր դիմումի համաձայն փետրվարի 1-ից ազատվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնից: Հարց է ծագում, թե ինչու կամ ումից Տ. Խաչատրյանը այդքան շուտ հիասթափվեց: Պաշտո՞նը նրա սրտովը չէր, միջավա՞յրը այն չէր, թե՞աշխատավարձի չափն էր այդքան անհրապույր: Գուցե էլի ուրիշ պատճառ կա, որ նա որոշեց սեփական դիմումի համաձայն լքել անտառային ոլորտը: Անկեղծ ասած, մի կողմից լավ է, երբ մարդիկ հնարավորություն են ունենում սեփական ուժերը գնահատելու, բայց նաև լավ կլինի, որ նման հնարավորություն տրվի ոլորտի մասնագետներին, քանի որ հայոց անտառները իսկապես հայրական ձեռքի և մայրական խնամքի մեծ կարիք ունեն:
Ա. Գիրգորյան