Կառավարությունը ՏՄՊՊՀ-ին հանձնարարել է ուսումնասիրել Հայաստանում բենզինի գները
EconomicsՀայաստանի Հանրապետության կառավարությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեին՝ Հայաստանում բենզինի գների ուսումնասիրության հարցով: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում բենզինի գները չեն իջնում՝ մինչդեռ, պայմանավորված նավթի գների անկմամբ, աշխարհի շատ երկրներում նկատվել է բենզինի գների անկում:
«Երբ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն կտա պատասխան, այն կլինի հրապարակային ու բոլորը կիմանան, թե ինչումն է խնդիրը: Ձեր բարձրացրած հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Հանձնաժողովի քննությունից հետո մենք կիմանանք դրա մասին»,- նշեց Գաբրիելյանը:
Վաչե Գաբրիելյանը չհերքեց, որ Հայաստանում գազի գնի հետ կապված տնտեսվարողները խնդիրներ ունեն: Նա վստահեցրեց, որ այդ հարցը կառավարության ամենօրյա հետաքրքրությունների ու մտահոգությունների շրջանակներում է:
«Վարչապետի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն տնտեսվարողների մասնակցությամբ, և գիտեք, որ այդտեղ ևս մեկ անգամ շեշտվեց գազի գնի նպատակահարմարության հարցը: Մենք դիմել ենք Ռուսաստանի Դաշնությանը և այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, տարվում են բանակցություններ»,- ասաց Գաբրիելյանը:
Փոխվարչապետը պարզաբանեց, որ հայ-ռուսական գազային համաձայնագրերով որևէ սահմանափակում դրված չէ, և Հայաստանը հնարավորություն ունի գազ ներկրել նաև Իրանից, սակայն կան շուկայական ու գնային որոշակի գործոններ, որոնց մասին ավելի լավ պարզաբանումներ տվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նա հավելեց, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակներում կանի հնարավոր ամեն բան՝ երկրում տնտեսական աճ ապահովելու համար, ինչը կենթադրի նաև արտադրողների և արտահանողների հնարավորությունների ընդլայնում: Գաբրիելյանը նշեց, որ կարևոր է նաև ապահովել ֆինանսական կայունություն՝ տնտեսական աճ ու կայունություն ապահովելու համար: