Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է ավելացնել արտադրողականությունը 10 տոկոսով
EconomicsԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է ավելացնել արտադրողականությունը 10 տոկոսով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրության պետ Ղազարոս Բեզիրգանյանը: «Մենք 2015թ. գործարկել ենք մեր երկրորդ գնդիկավոր աղացը և նախատեսում ենք ավելացնել մեր արտադրությունը ևս 10 տոկոսով: Առաջին գնդիկավոր աղացը մենք շահագործման էինք հանձնել 2011թ. և այդ ժամանակ կարողացանք մեծացնել մեր արտադրության ծավալները 27 տոկոսով»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց նա:
Նա ընդգծեց, որ ստեղծված տնտեսական պայմաններում հանքաարդյունաբերության համար շատ ծանր պայմաններ են, սակայն կոմբինատի աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայում իր պարտականությունները կատարելու համար: Մենք այս տարվա համար էլ պետք է բարձրացնենք արտադրողականությունը, որպեսզի կարողանանք հաղթահարել դժվարությունները»,- նշեց Բեզիրգանյանը՝ հավելելով, որ կոմբինատում աշխատողների կրճատումներ չեն եղել:
Նա հավելեց, որ անցած տարի կոմբինատում 18 միլիոն 237 հազար տոննա հանքաքար է վերամշակվել, իսկ այս տարի նախատեսվում է վերամշակել 20 միլիոն 103 հազար 900 տոննա հանքաքար, ինչը պայմանավորված է նոր գնդիկավոր աղացի շահագործմամբ:
Փետրվարի 6-ին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ ծանոթացել է իրականացված ներդրումներին և կոմբինատի զարգացման ծրագրերին: