Հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 4-6 տոկոսով
EconomicsՀայաստանյան շուկաներում բենզինի և դիզելային վառելիքների գինը 2016 թ. նվազել է 4-6 տոկոսով:
Փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:
«2015-ի հունվար-փետրվարին 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները հանրապետության սպառողական շուկայում համեմատաբար բարձր էին: 2016-ի հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի գները նվազել են 15,1, իսկ դիզելային վառելիքի գները՝ 16,2 տոկոսով»,- ասաց նա:
ԱՎԾ ներկայացուցիչը նշեց, որ էական նվազում է արձանագրվել օդային տրանսպորտի սակագներում: Հիմնական նվազումն արձանագրվել է վերջին երեք ամիսներին: Նոյեմբերին սակագները նվազել են 9,1, դեկտեմբերին` 4,7, հունվարին` 4,6 տոսկոսով: Ընդհանուր 3 ամիսների գնանկումն օդային փոխադրումների մասով կազմել է 17,8 տոկոս:
«2015 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է էլեկտրաէներգիայի սակագնի աճ: Էլեկտրաէներգիայի սակագինը 2016 թ. հունվարին, նախորդ տարվա վերջին երկու ամիսների համեմատ 2 տոկոս աճ է արձանագրել»,- անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնային փոփոխություններին՝ ասաց Մարտիրոսյանը: Էլեկտրաէներգիայի սակագնի աճը պայմանավորված էր նրանով, որ 2015 թ. հոկտեմբերից սկսած կառավարությունը սուբսիդավորումն սկսեց իրականացնել մասնակի՝ մինչև 250 կվտ/ժ, իսկ 250կվտ/ժ և ավելի սպառելու դեպքում սուբսիդավորում չի իրականացվում: Մինչև 250 կվտ/ժ և ավելի սպառողների մասնաբաժինների` գիշերային և ցերեկային ժամերի համեմատություն անցկացնելու դեպքում տեղի է ունեցել միջին կշռված սակագնի աճ՝ 2 տոկոսի չափով: